«Եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի». քաղաքագետ. «168 Ժամ»
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերից կազմված եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի: «168 Ժամ»-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ այդ մասին իրենց ելույթներում բաց տեքստով ասել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները: Սակայն, թե ինչ կարող է իշխանությունն առաջարկել Եռյակին, Մանվել Սարգսյանի համար առայժմ պարզ չէ, թեև նա հենց այս համատեքստում է դիտում երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման մասին իշխանության առաջարկը:
«Օրինակ, եղել է նախկին նախագահ, ով բազմիցս ասել է` ես թոշակառու չեմ լինելու: Հիմա ինքը նորից ուզում է թոշակառու չլինել, պրոցես է ստեղծում իր շուրջ: Մեկն էլ փող ունի, եկել է, ուզում է` ինքը դրսևորի իր դրվածքն այդ համակարգում այնպես, որ իր դիվիդենտները շատ լինեն: Սա ոչ մի կապ չունի կուսակցական կյանքի հետ: Մենք գործ ունենք քրեաօլիգարխիկ համակարգում դրսևորումների հետ»,- ասել է քաղաքագետը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Եռյակն իր մարտավարությունը չի բացահայտելու, Մ.Սարգսյանը նշել է. «Ի՞նչ է նշանակում` մարտավարությունը չենք ասում: Մարտավարությունն արդեն ասվել է. երբ ասում են` սահմանադրական ճանապարհով ենք գնալու, դա նշանակում է` ցույցեր, նստացույցեր, պիկետներ են անելու, և այլն, դա արդեն մարտավարություն է: Ուրեմն կա՛մ ինչ-որ մի բան կա, որը սահմանադրականից դուրս է, դրա համար չի ասվում, կա՛մ ոչինչ չկա, պարզապես ասվում է` գործընթացին լրջություն հաղորդելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան