Թուրք բլոգերն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության արյունոտ և ամոթալի էջերին
Հոկտեմբերի 29-ը թուրքական պետության հերթական տարեդարձն էր, որը պաշտոնապես միշտ նշվում է մեծ շուքով: Ներկայիս Թուրքիան, որպես հանրապետություն, գոյություն ունի 91 տարի: «Ermenihaber.am» լրատվականը ներկայացնում է թուրք բլոգեր Յըլմազ Մուրաթ Բիլիջանի հետահայաց անդրադարձը Թուրքիայի Հանրապետության անցած ավելի քան 9 տասնամյակներին:
Բիլիջանի հեղինակած հոդվածը հրապարակվել է թուրքական «T 24» ընդդմիադիր լրատվակայքում:
600 տարվա կայսրությունից մնացած հողերի վրա 1923-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետություն: Ըստ Բիլիջանի` դեռևս երիտթուրքերի ժամանակվանից խնդիր էր դրված ազգ ստեղծել մեկ ինքնության շուրջ, որը պետք է լիներ թուրքական: Այլ էթնիկ ինքնությունները կամ զտվելու էին, կամ ձուլվելու, կամ էլ հեռացվելու:
«Ծրագրված էր 1914-20-ականներին ասորիներին, 1915-ին էլ հայերին ենթարկել ցեղասպանության, որը հաջողությամբ իրականացվեց»,- նշում է Բիլիջանը:
Բացի բնակչությանը թուրքացնելուց որոշված էր նաև թուրքականացնել երկրի տնտեսությունը: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դրա համար տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող ոչ մահմեդական զանգվածներին (հայեր, հույներ և այլն) կամ հրի և սրի մատնեցին, կամ ժամանակ տվեցին, որպեսզի նրանք հեռանան: Սկսեցին Իզմիրից (Զմյուռնիա): Օրեր շարունակ Իզմիրը կրակների մեջ վառվում էր: Տեղի հայ և հույն բնակչությունից գրեթե մարդ չմնաց:
«Երկու ամսվա ընթացքում բոլոր տեղերը «մաքրեցինք» նրանցից և հպարտ զգացինք մեզ: Այնուհետև ունևորության հարկ մտցրեցինք: Ազգությամբ հայ, հրեա և հույն քաղաքացիներից մեկ առ մեկ խլեցինք իրենց ունեցվածքը»:
Հետո պարտադրաբար թուրքերեն լեզվով խոսելու արշավ սկսվեց: Պետության բնակչությունը տեսակավորվեց երեք խմբի` թուրք, քուրդ և ոչ մուսուլման, և բոլորին պարտադրվեց խոսել միմիայն թուրքերեն: Այնուհետև վրա հասան 1955թ. սեպտեմբերյան աղետալի դեպքերը:
Թուրք բլոգերը պատմում է, թե ինչպես կոտորվեցին ու կողոպտվեցին Իզմիրի հույները, հայերը և հրեաները: Դրանից հետո ողջ մնացած ոչ մահմեդականների մի զգալի մասը լքեց Թուրքիան: Հեղինակը հիշեցնում է, որ այդպիսի էթնիկ զտումներ անելով հանրապետական Թուրքիայի իշխանությունները ըստ էության շարունակեցին արթուն պահել երիտթուրքերի ոգին:
«Մի խոսքով,- եզրափակում է թուրք բլոգերը,- ասածս էն էր, որ մեր պետության մեջ դեմոկրատիա չկարողացավ լինել, բայց արի ու տես, որ հանրապետութունը 91 տարի է ողջ ու առողջ ոտքի վրա է»: