Քաղաքագետ. Իրաքը պետք է Թուրքիայի քայլերին համարժեք պատասխան տա
«Թուրքիան տարածաշրջանանում և միջազգային ասպարեզում բացասական և վատ խաղացող է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բասրայի (Իրաք) համալսարանի դասախոս, քաղաքագետ Մեյսամ ալ-Իբադին:
Իրաքցի գիտնականը, քննադատելով տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը, մասնավորապես նշել է. «Թուրքիան տարածաշրջանանում և միջազգային ասպարեզում բացասական և վատ խաղացող է: Այդ երկրի իշխանություններն անջակցել են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին՝ իրենց քայլերով սպառնալով Իրաքի ազգային անվտանգությանը»:
Շարունակելով խոսքը՝ իրաքցի գիտնականը հավելել է. «Ներկայում Իրաքում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի Բաղդադն Անկարայի հարցում լուրջ որոշումներ կայացնի, սակայն, երբ Իրաքում իրավիճակը կայունանա, վարչապետ Հայդար ալ-Աբադիի կառավարությունը Թուրքիային քայլերին համարժեք պատասխան կտա»:
Հավելենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը դեմ է ահաբեկչությանն ու ծայրահեղությանը. Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները պետք է համատեղ մասնակցեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, միևնույն ժամանակ ՄԱԿ-ն ու արևմտյան երկրները պետք է այդ հարցին լուրջ վերաբերվեն: Չի կարելի Իրաքում պայքարել «Իսլամական պետության» դեմ, իսկ Սիրիայում՝ դրան աջակցել»:
ԻԻՀ ԱԳ նախարարության բարձրաստիճան դիվանագետներից մեկը, օրերս անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Եթե Թուրքիան չմիջամտեր Սիրիայի ներքին գործերին, ապա մարդկային բազմաթիվ կորուստներ չէին լինի, պատերազմն այդքան չէր երկարի և հակամարտությունն էլ լուծված կլիներ»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի և Իրաքի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալու որոշմանը, քննադատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում որոշ երկրների ընտրած մեթոդները և հավելել. «Տարածաշրջանի երկրները պետք է ներկայիս զարգացումների հանդեպ պատասխանատու քայլեր կատարեն և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Թուրքիայի և Իրանի միջև առկա փոխադարձ անվստահությունն ավելի է խորանում