Աշոտյանը արյուն կտա հիվանդ երեխային. «Խնդրում եմ բոլորին միանալ և օգնել փոքրիկ Կարոյին»
Կրթության և գիտության նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը վաղը արյուն կտա փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
«Իմ արյունը երկրորդ դրական է: Այսօր, ցավոք, չեմ կարող հանձնել, քանի որ մարզային այցի եմ: Վաղն առավոտյան կգնամ Արյունաբանության ինստիտուտ` արյուն հանձնելու: Խնդրում եմ բոլորին միանալ և օգնել փոքրիկ Կարոյին: Եվ ոչ միայն իրեն»,-ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Աշոտյանը:
Նրա կոչին դրական են արձագանքել մի քանի օգտատերեր:
Ֆեյսբուքյան օգտատերերից Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրել էր, որ Կարոյին շտապ արյուն է անհրաժեշտ:
Նրա ներկայացմամաբ, փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում:
«Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին, մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին:
Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում ենք այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Կարոյի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անօթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջիկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի: Անչափ շնորհակալ ենք արձագանքի և օգնության համար»,-գրել է օգտատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա