Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին 500 հազար դոլարով պատվիրել է իր թիկնազորի պետի սպանությունը Թուրքիայում
Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին, «Garant» հոլդինգի տնօրեն Անար Մամեդովն առաջարկել է իր թիկնապահ Քուբիլայ Գելին 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց սպանել իր թիկնազորի պետ, պաշտոնաթող սպա Իսմայիլ Գենջին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» պորտալը, այս մասին գրում է թուրքական հեղինակավոր «Hurriyet» պարբերականը՝ հղում տալով Գելի՝ հետաքննությանը տված ցուցմունքներին:
Թերթը հիշեցնում է, որ 2013-ի մայիսին Անթալիայում վեճ է եղել Անար Մամեդովի թիկնազորի պետ, 51-ամյա Իսմայիլ Գենջի և ադրբեջանցի նախարարի թիկնապահներից մեկի որդի Քուբիլայ Գելի միջև: Վեճը վերաճել է կոնֆլիկտի, և կողմերը զենք են գործի դրել: Գելն ավելի ճարպիկ է դուրս եկել՝ առաջինը կրակելով Գենջի ուղղությամբ և նրան ծանր հրազենային վնասվածք հասցնելով:
Քննիչներին տված իր ցուցմունքներում Քուբիլայ Գելն անակնկալ կերպով հայտնել է, թե Անար Մամեդովը հրավիրել է իրեն իր տուն և խնդրել սպանել Իսմայիլ Գենջին, ինչից էլ վերջինս իբրև թե հրաժարվել է:
«Անար Մամեդովը կարծում էր, որ Իսմայիլ Գենջը գողանում է իր փողերը, որոնք նա ուղարկում է Թուրքիայից Ադրբեջան: Դրա համար էլ նա առաջարկեց ինձ 500 հազար դոլար, որ ես սպանեմ նրան»,-նշել է Գելը:
Քուբիլայ Գելը նաև նկատել է, որ Իսմայիլ Գենջի հետ հանդիպել է, որպեսզի քննարկի գումարների կորուստը:
«Վեճը վերաճեց բաց կոնֆլիկտի: Մենք գործի դրեցինք զենք: Եթե ես առաջինը չկրակեի, ապա Իսմայիլը կսպաներ ինձ»,-հավաստիացրել է Անար Մամեդովի նախկին թիկնապահը:
Ընդ որում, նա խոստովանել է նաև, որ Բաքվի մարդիկ փորձում էին սքողել իր գործը, և գործընթացին միջամտել էր անգամ Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Ինչպես նշում է պորտալը, Քուբիլայ Գելը Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչ էր: Իմանալով այն մասին, որ Անար Մամեդովը թիմ է հավաքում իր «թուրքական նախագծերի» համար՝ նա հեռացման դիմում է գրել և անցել աշխատանքի ադրբեջանցի նախարարի որդու թիմում: Թուրք նախկին զինծառայողն աշխատել է Անար Մամեդովի թիկնազորում 2.5 տարի:
Հիշեցնենք, որ Անար Մամեդովը հայտնի է իր սկանդալային կենսակերպով: Այսպես, 2009-ին ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Մամեդովն իր ընկերների հետ ԱԻՆ ղեկավար Քյամալեդդին Հեյդարովի՝ Գաբալայի ռեստորաններից մեկում հրամայել է 1 մլն մանաթի դիմաց մորթել վանդակում պահվող արջին ու դրանից խորոված պատրաստել ներկաների համար: Բացի այդ, մամուլը գրում էր, որ Անարը խորտակել է իր թանկարժեք զբոսանավը Բաքվի նավահանգիստներից մեկի մերձակայքում այն սխալ կառավարելու հետևանքով: Ավելին, տեղեկություններ էին հրապարակվել, թե նրան արտաքսել են ԱՄԷ-ից՝ շեյխի զարմիկի հետ Դուբայի ռեստորաններից մեկում վիճելու պատճառով:
Լուրեր էին շրջանառվում նաև, որ Ադրբեջանի ամենակոռուպացված նախարարներից մեկի՝ Զիա Մամեդովի որդին Թուրքիայում 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կղզի է գնել: Ներկայումս Մամեդովը ղեկավարում է Ադրբեջան-Ամերիկա դաշինքը, որը զբաղվում է ԱՄՆ-ում Ադրբեջանի իշխանությունների լոբբիով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները