Նախարար. Նոտարական համակարգում իրավիճակ է փոխվել
«Նախ պետք է հասկանալ՝ տվյալ դեպքերում նոտարները հանցագործություն են թույլ տվել, թե պարզապես օրենքի բացն է, որ նոտարին հնարավորություն չի տրվել ավելի լուրջ ուսումնասիրություն կատարել, հասկանալ այն գործարքների ռիսկայնությունը, որոնք բերել են իրենց մոտ վավերացման»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե բնակիչները, ովքեր խաբված են կաուցապատողների կողմից (մի բնակարանը վաճառել են երկու հոգու) պնդում են, որ նոտարներն այդ այդ գործարքներում իրենց մեղքի բաժին ունեն:
Նա նշեց, որ այս խնդրի հետ կապված ընթանում են դատական պրոցեսներ, մարդիկ են ձերբակալվել, դատապարտվել, սակայն նրանք, ովքեր ֆինանսական վնասներ են կրել, նրանց խնդիրները չեն լուծվել: Ըստ նախարարի, այստեղ, իսկապես, սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի դերակատարում է ունեցել նոտարը:
«Այն, ինչ անում է նոտարը, հանրային գործառույթ է: Այդ գործառույթն իրականացնելիս՝ նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ, պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չունենա նման գործարքներ կնքել, իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղի ցույց տա: Նման դեպքերում նաև ռիսկերը կնվազեն: Կարևոր է այստեղ նոտարի նյութական պատասխանատվությունը, որն այս խնդրի հետ ուղղակի փոխկապակցված է: Այսինքն, եթե նոտարն ունի պարտականություն՝ ճիշտ լուծում հուշել մարդուն, դրա համար հետո պատասխանատվություն պետք է կրի: Նոտարի նյութական պատասխանատվությունն պետք է ամրապնդի նրա այս պարտականությունը»,-ասաց Հ. Մանուկյանը:
Խոսելով այս ոլորտում կոռուպցիոն ռիսկների մասին, նախարարը չհամաձայնվեց այն դիտարկմանը, թե նոտարական համակարգում կոռուպցիոն երևույթներն ահռելի չափերի են հասնում:
«Միգուցե ժամանակին եղել է, բայց հիմա նոտարական համակարգում իրավիճակ է փոխվել: Հիմա չեք կարող տեսնել 5-10 տարի առած եղած դեպքերի կրկնություն, բնակարանների կրկնակի վաճառք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ստեղծվել է նոտարական պալատ, որը հսկողություն է իրականացնում նոտարների գործունեության օրինականության, էթիկական, վարքագծային դրևսորումների նկատմամբ:
Հ. Մանուկյանն ասաց, որ, իհարկե, կան խնդիրներ, բայց որոնք օրենքի մակարդակով են լուծում պահանջում, օրենսդրական բացերը շատ են:
Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մշակել, որոնք նոտարի պատասխանատվությունն ավելի կբարձրացնեն, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք մատուցում են ժողովրդին, լինեն ավելի արագ ու արդյունավետ, մասնավորապես, էլեկտրոնային համակարգ, մեկ պատուհանի սկզբունք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում