1000 խոշոր հարկատուները այս տարի ավելի շատ են հարկ վճարել, քան նախորդ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս տարի ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (30.188 մլրդ դրամ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ղ-Տելեկոմը» և «Ալեքս Գրիգը», համապատասխանաբար 22.1 և 14.7 մլրդ դրամ ընդհանուր վճարումներով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցակը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի զիջել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ խոշոր հարկատուների առաջին տասնյակում գրեթե փոփոխություն չի եղել: Այս տարի տասնյակից դուրս են մնացել «Ֆիլիպ Մորիս Արմենիա» և «Գեո Պրո Մայնինգ գոլդ» ընկերությունը, որոնց փոխարեն առաջին տասնյակում են հայտնվել «Երևանի կոնյակի գործարան»-ը և «Գրանդ Տոբակո հայ-կանադական Հ.ձ.»-ը:
Կարևոր ցուցանիշ է նաև 1000 խոշորների կողմից վճարված ընդհանուր հարկերի ծավալը: Այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 504.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5%-ով: