Նախատեսվում է Հայաստանում ստեղծել տրակտորների հավաքման ձեռնարկություն
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 14782 միավոր տրակտոր, 1355 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 6099 միավոր տրակտորային կցասայլ, 2030 միավոր տրակտորային խոտհնձիչ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանը` ամփոփելով 2014 թվականին հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման արդյունքները:
Նրա խոսքերով` վերոնշյալ գյուղտեխնիկայի սարքինության մակարդակը կազմում է միջին հաշվով 79%: Ըստ նրա` նշված տեխնիկայի շուրջ 93%-ը Խորհրդային Միության արտադրության են` բարոյապես և ֆիզիկապես մաշված (1976-1991 թթ. արտադրության), իսկ մնացած 7%-ը` 885 միավոր տարբեր մակնիշի տրակտորներ, հանրապետություն ներկրվել է տարբեր դրամաշնորհների և այլ միջոցների հաշվին:
Վ.Ղուշչյանը հայտնեց, որ 2013-2014 թթ-ի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Բելառուսի հանրապետության գյուղատնտեսական մեքենաներ արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում հանրապետություն է ներկրվել և ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ուղղակի վաճառքի ու լիզինգային եղանակով շուկայականից անհամեմատ ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին ու անհատներին է տրամադրվել 288 միավոր «ՄՏԶ 82.1» մակնիշի տրակտոր, 20 միավոր հավաքիչ-մամլիչ, 20 միավոր կուլտիվատոր, 40 միավոր գութան, 34 միավոր կարտոֆիլատնկիչ և կարտոֆիլաքանդիչ, ինչպես նաև 16 միավոր շարքացան:
Ինչ վերաբերում է նշված տրակտորների գներին, Վ.Ղուշչյանն ասաց, որ տրակտորների ուղղակի վաճառքի գինը կազմել է 6,7-7,2 մլն դրամ, ինչը շուկայականից բավականին ցածր է: Նրա խոսքերով` տվյալ գյուղտեխնիկան շուկայում վաճառվում է 9,8 մլն դրամով: Ի դեպ, գյուղտեխնիկան նախարարությունը տրամադրում է նաև լիզինգով` տարեկան 9% տոկոսադրույքով (ներառյալ ռիսկերի ապահովագրումը), կանխավճար` գնի 20%-ի չափով, առավելագույն ժամկետը 6 տարի տրակտորների համար, 3 տարի` հարակից սարքերի համար:
Վ.Ղուշչյանը նաև հայտնեց, որ 2010-2014 թթ-ի ընթացքում գուղատնտեսության նախարարության կողմից արոտօգտագործողների միավորումներին է տրամադրվել 467 միավոր գյուղտեխնիկա: Հաշվի առնելով, որ հանրապետությունում օգտագործվող տրակտորների 50 տոկոսը «ՄՏԶ 82.1» մակնիշի տրակտորներ են, նախարարությունը Բելառուսի գյուղմեքենաներ արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ստեղծել տրակտորների հավաքման, ինչպես նաև նշված տեխնիկայի սպասարկման համատեղ ձեռնարկություններ:
«Չնայած կատարված աշխատանքներին, այսօր հանրապետությունում խնդիր են կոմբայները, որոնք հին են և հաճախ բերքի կորստի պատճառ են դառնում: Ուստի, այսօր նոր կոմբայներ ներկրելու անհրաժեշտություն կա»,- ասաց Վ.Ղուշչյանը` հավելելով, որ այս ուղղությամբ իրականցված քայլերն արդեն տվել են իրենց դրական արդյունքը. մի քանի օրից հանրապետություն կներկրվի 4 միավոր հացահատիկահավաք կոմբայն: Առաջիկայում կներկրվի ևս 8 կոմբայն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները