Իլհամ Ալիևի կառավարությունը կարող է թիրախ դառնալ «Իսլամական պետության»՝ մարտերում թրծված ջիհադականների համար
Սիրիայում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը միացել են հարյուրավոր ադրբեջանցիներ: Կա վտանգ, որ նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը կարող է մի գեղեցիկ օր թիրախ դառնալ մարտերում փորձ ձեռք բերած այս ջիհադականների համար: Մի քանի հայտնի զինյալներ, որոնք ներկայումս կռվում են Սիրիայում, արդեն սկսել են բանավոր մեղադրանքներ հղել Ալիևի կառավարությանը՝ երկրում կոռուպցիայի ու ապակրոնականացման համար: Այս մասին հայտնում է «EurasiaNet» ամերիկյան կազմակերպության կայքում հրապարակված հոդվածը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը գրավիչ թիրախ է թվում «Իսլամական պետության» ջիհադականների համար: Սա աշխարհում այն եզակի երկրներից մեկն է, որտեղ բնակչության մեծամասնությունը շիադավան են, իսկ «Իսլամական պետությունը» մոլի հակաշիական է:
Ինչպես նշված է նյութում, ներկայումս ոչ մի հավաստի տվյալ չկա Ադրբեջանում սալաֆիականների քանակի առնչությամբ, սակայն նրանց առկայությունը համեմատաբար զգալի է երկրի հյուսիսային շրջաններում, մայրաքաղաք Բաքվում ու Սումգայիթում:
Հոդվածագրի կարծիքով՝ սալաֆիականության աճին Ադրբեջանում նպաստում են մի քանի գործոններ: Այսպես, առաջին հերթին՝ սովետական աթեիզմի ժամանակահատվածում շիաների ավանդական սկզբունքների հասկացությունն աղավաղվել էր: Բոլշևիկները ստեղծել էին հոգևոր դատարկություն և ակամայից հող էին նախապատրաստել կոմունիստական հասարակարգի փլուզումից հետո ավելի ծայրահեղական կրոնական համոզմունքների ծագման համար:
Բացի այդ, սալաֆիականության տարածմանը խթանում էր նաև հակաիրանյան քաղաքականությունը, որն էլ վարում էին 1990-ից ի վեր Ադրբեջանը ղեկավարող առաջնորդները: 1990-2000-ականներն Ադրբեջանի իշխանությունները պատճառներ չէին տեսնում սալաֆիականների դեմ միջոցներ կիրառելու համար: Նրանք սալաֆիականության տարածումն առողջ հակակշիռ էին համարում Ադրբեջանում Իրանի ազդեցության ներթափանցմանը:
Հեղինակը կարծում է, որ այն ժամանակ, երբ իրանամետ շիաները բաց քննադատություններ էին հղում Ալիևի վարչակազմին, Ադրբեջանում սալաֆիականները կառավարությանը լոյալ էին և քաղաքականապես ակտիվ չէին:
Համաձայն աղբյուրի՝ ներկայումս Ադրբեջանի իշխանությունները պոտենցիալ սպառնալիք են զգում սալաֆիականներից, սակայն ներկա դրությամբ այդ խնդիրը լուծելն ավելի բարդ է, քան դա կարող էր և լինել 10 տարի առաջ:
Հեղինակի խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունները վերջին տարիներին դաժանորեն հետապնդում էին քաղաքացիական հասարակության անկախ լրագրողներին և ակտիվիստներին: Այս բռնաճնշումները բավականին ուժեղացել են հենց 2014-ին:
Բաքուն ժամանակ առ ժամանակ կոնֆլիկտ է ունենում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, մասնավորապես՝ Գերմանիայի՝ պնդելով, թե Արևմուտքը «երկակի չափանիշներ» է օգտագործում մարդու իրավունքների բնագավառում: Համանման քաղաքականությունը միայն թուլացրել է Բաքվի ունակություններն առավել լուրջ սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից,- նկատում է հեղինակը:
Նյութեր թեմայի շուրջ:
Ադրբեջանում ստիպված են հաշտվել աճող ծայրահեղ արմատականության փաստի հետ
«Faktxeber». Սիրիա մեկնելը և այնտեղ «սպանվելը» շահավետ է ադրբեջանցի հանցագործների համար
Ադրբեջանցի գրոհայինների հոսքը դեպի Սիրիա անընդմեջ ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում