Իրանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետն արդեն հայտնի է
«Միջուկային խնդրի հարցով Իրանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Օմանում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ նոյեմբերի 9-10-ը Օմանի մայրաքաղաք Մասկատում միջուկային խնդրի շուրջ տեղի կունենա Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հանդիպումը:
Նախատեսվում է, որ նրանց կմիանա նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, նախօրեին անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ես Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ուղիղ բանակցություններ եմ վարում. Հույս ունեմ, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, սակայն լավատես չեմ: Առաջիկայում պարզ կդառնա, Իրանը կարո՞ղ է դժվար որոշում ընդունել, թե ոչ»:
Շարունակելով խոսքը՝ պետքարտուղար Քերին հավելել է. «Իրանը միջուկային ռումբ ստեղծելու չորս ճանապարհ ունի և մենք բոլոր այդ չորս ճանապարհներն էլ կփակենք. Դրանք են՝ Արաքը (ծանր ջրի ռեակտոր), Նաթանզը, Ֆորդոն և գաղտնի գործողությունները»:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում