Եվրասիական ինտեգրումից Հայաստանը կշահի. Սանկտ Պետերբուգի հայկական ինքնավարության նախագահ
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի երկարակեցությունը կապված է հայկական եկեղեցու և աշխարհիկ համայնքի միասնության ու համակցված գործելու հետ, ինչի շնորհիվ էլ ներկայումս այստեղ առկա է 3 հայկական եկեղեցի, 2 դպրոց, հրատարակչատուն, տպագրատուն, ռուս-հայկական մշակութային կենտրոնում հիմնված սիմֆոնիկ նվագախումբ: Այս մասին «Կովկասյան քաղաքականություն» տեղեկատվական պորտալի հետ զրույցում նշել է Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:
Նա անդրադարձել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի շրջանակներում քաղաքում անցկացված նշանակալից միջոցառումներին՝ խոսելով Հովսեփ Օրբելու կիսանդրու և հայկական խաչքարի տեղադրման մասին:
Զրույցի ընթացքում Կարեն Մկրտչյանը շոշափել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեման: Նրա խոսքերով՝ Թուրքիան պետք է պաշտոնապես ճանաչի իր մեղքը, իսկ հայերը՝ որպես քրիստոնյաներ, կարող են իրենց հերթին «հասկանալ ու ներել», քանի որ «հարևաններին չեն ընտրում, նրանց հետ ապրում են փոխհամաձայնության և խաղաղության պայմաններում»:
«Մենք դեռևս մեկուկես տարի առաջ ենք սկսել նախապատրաստվել միջոցառումներին, որոնք նվիրված են լինելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գլխավորությամբ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կայացել է գիտաժողով, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած տասնյակ գիտնականներ: 2015-ին Սանկտ Պետերբուրգի լավագույն ակադեմիական հարթակներում՝ Էրմիտաժում, պետական համալսարանում, Ազգային գրադարանում, Ռուսական թանգարանում, անցկացվելու են այս ողբերգական իրադարձությանը նվիրված միջոցառումներ»,-ընդգծել է համայնքի ղեկավարը:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման հարցին՝ Կարեն Մկրտչյանն այն համարել է «օրինաչափություն»:
«Ավելի լավ է միասին, քան միայնակ: Մի աշխարհում, որտեղ բոլորը միավորվում են, հիմարություն կլիներ շրջանցել ինտեգրման գործընթացները: Եվ պետք չէ մտածել, որ միավորվելով Հայաստանը կամ այլ երկրներ կկորցնեն անկախությունը: Դա այդպես չէ: Միությունները ստեղծվում են նրա համար, որ դիմակայեն սպառնալիքներին ու վտանգներին: Միանշանակ է, որ Հայաստանը կշահի եվրասիական ինտեգրումից»,-ասել է նա:
Հարցազրույցի ընթացքում Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարը կարևորել է նաև Արցախի վերաբնակեցումը՝ շետելով, որ պետք չէ «մշտապես երջանկություն փնտրել օտար ափերում», քանի որ այնտեղ ձուլման վտանգ կա: