Հետկանչվող դեղը վաճառում են դեղատանը
Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը երեխաների համար նախատեսված «Միգ» դեղամիջոցն օգտագործածներին հանգստացնում է. վնասակար ոչինչ չկա:
Panorama.am-ի հետ զրույցում նախարարության բաժնի պետն ասաց, որ գրություն են ստացել արտադրողից՝ Հայաստանում դադարեցնել ներքին օգտագործման դեղամիջոցի շրջանառությունը:
Նրա խոսքով, մինչև նախարարի հրամանը արտադրող ընկերությունը՝ «Բեռլին-Քեմի»-ն մեծածախ ու մանրածախ դեղատներ ևս գրություն է ուղարկել դեղի շրջանառությունը դադարեցնելու նպատակով՝ անվտանգության նկատառումներով:
«Վտանգ չի ներկայացնում, դեղ արտադրող յուրաքանչյուր կազմակերպություն ամեն խմբաքանակն արխիվացնում է ու ժամանակի ընթացքում նորից լաբորատոր փորձաքննություն է իրականացնում: Հիմա կոնկրետ արտադրողը լաբորատոր փորձաքննության է ենթարկել արխիվային տեսակները, մանրէաբանական մասով շեղումներ է հայտանաբերել: Բայց այն խմբաքանակը, որ ներկրվել է ՀՀ, ենթարիկվել է լաբորատոր փորձաքննության, ունեցել է դրական արդյունքներ, շեղումները Հայաստան ներկրված խմբաքանակին չեն վերաբերում»,-ասաց նախարարության պաշտոնյան:
Անահիտ Մկրտչյանի խոսքով, արտադրողից գրությունը ստանալուց հետո փորձագիտական կենտրոնը ևս մեկ անգամ դեղի լաբորատոր փորձաքննություն է իրականացրել, «ոչ մի բացասական երևույթ չեն հայտնաբերել»:
Panorama.am-ը փորձեց ճշտել, թե ինչպես է հետհավաք իրականացվում: Դեղատնային խոշոր երկու ցանցեր զանգահարելիս ներկայացանք քաղաքացի, ով երեխայի համար ցանկանում է այդ դեղամիջոցը ձեռք բերել: Ոչ «Նատալի ֆարմ»-ում, ոչ էլ «Ալֆա ֆարմ»-ում չասացին հետահավաքման մասին, միգուցե տեղյակ էլ չէին:
Ավելին, «Ալֆա ֆարմ»-ում նշեցին, որ դեղն այս պահին չունեն, վերջացել է:
«Նատալի ֆարմ»-ից հայտնեցին, որ ցանցի միայն մի դեղատնում կա՝ Լենինգրադյան 50 հասցեում, մնացել է ընդամենը երեք հատ, գինը՝ 2500 դրամ:
Ա. Մկրտչյանը նախ ասաց, որ դեղատներն իրավունք չունեն դեղը շրջանառել, ապա հույս հայտնեց, որ հանգստյան օրերից հետո նախարարի հրամանի մասին կիմանան:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հանձնարարականով դեղատներից պետք է հետ հավաքվեն երեխաների համար նախատեսված «ՄԻԳ» դեղամիջոցի բոլոր խմբաքանակները: