Սինգապուրը միանալու է «Իսլամական պետության» դեմ արշավին
Սինգապուրը միանալու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Channel News Asia կայքը` հղում կատարելով Սինգապուրի պաշտպանության նախարար Նգ Ենգ Հենին:
«Սինգապուրի զինված ուժերը նախկինում նույնպես մասնակցել են միջազգային կոալիցիայի արշավներին ընդդեմ կրոնական ծայրահեղականությանը: Սինգապուրը մասնակցել է Աֆղանստանում «Ալ-Կաիդայի» և «Թալիբանի» դեմ գործողություններին, և շարունակելու իր մասնակցությունը այդ արշավներին»,-խորհրդարանում ասել է նախարարը` ավելացնելով, որ հանրապետությունը իր սպաներին է տրամադրելու Իրաքում ու Սիրիայում գործողությունները գլխավորող ամերիկյան կենտրոնական հրամանատարությանը:
Նրա խոսքով, տրամադրելու են նաև մեկ KC-135R լիցքավորող բոինգ ինքնաթիռ, ինչպես նաև ինժեներների խումբ: Նախարարն ավելացրել է, որ զորք չեն ուղարկելու Իրաք և Սիրիա ու գործելու են միայն հարևան երկրներից: