Արդարադատության նախարարն անդրադարձել է ՄՄ-ին միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին
ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նախօրեին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հովհաննես Մանուկյանը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաև Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Ներկաները նշել են, որ կարևորում են կապը հայրենիքի հետ և արդարադատության նախարարին են ուղղել Մաքսային Միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Հովհաննես Մանուկյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում