Աշնանային դեպրեսիա. ինչպե՞ս ազատվել դրանից
Եղանակային փոփոխությունը ազդում է մարդու ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա: Մարդիկ կարող են հակված լինել տխուր զգացողությունների, ունենալ անբավարարվածության, մեղավորության զգացում: Սա կոչվում է աշնանային դեպրեսիա:
«Աշնանը նկատվում է էներգիայի, վիտամինների պակաս, ուստի շատ մարդկանց մոտ աշնանը նկատվում է տրամադրության անկում, որի հիմնական պատճառներից մեկը նաև լուսավոր ժամերի կրճատումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը` հավելելով, որ եղանակային փոփոխությունները, բնականաբար, պետք է ազդեն մարդու հոգեկան վիճակի և տրամադրության վրա, քանի որ մարդը բնության մի մասն է:
Պարզապես, ըստ նրա, կան մարդիկ, ովքեր եղանակային փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն են: Իհարկե այստեղ մեծ դեր է խաղում նաև մարդու խառնվածքը, զբաղվածությունն ու հետաքրքրությունները:
Աշնանը տրամադրության անկումից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում արևոտ ժամերը հնարավորինս օգտագործել և ավելի շատ զբոսնել: Իսկ գույնի, լույսի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում վառ գույն հագուստ հագնել:
«Փորձեք ավելի հաճախ շփվել մարդկանց հետ, գնալ գնումների, դիտել լավ ֆիլմեր, լիաթոք ծիծաղել: Այս դեպքում զբաղվածությունը նույնպես կարևոր նշանակություն ունի: Որքան շատ ենք զբաղված, որքան վառ են տպավորություններն օրվա ընթացքում, այնքան փոքր է աշնանը դեպրեսիայի հավանականությունը»,- նկատեց Լ.Բաղդասարյանը: