Բժիշկը դեռ պետք է հիմնավորումներ ներկայացնի` և' կատարածի, և' չկատարածի վերաբերյալ. Նախարար
Թեև իր աշխատանքից հեռացվելու մասին որոշումը կայացրել է բուժհաստատությունը, բայց նա դեռ պետք է հիմնավորումները ներկայացնի իր գործողությունների մասով` և' կատարածի, և' չկատարածի վերաբերյալ: Ցավալի այս դեպքը հատուկ քննարկում է պահանջում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` Մալաթիա ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի և բժշկի հեռացման հետ կապված:
Հիշեցնենք, օրերս «Մալաթիա» բկ-ում ծնվել է առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի երեխա: Ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել պտղի այդ խնդիրների մասին, թեև նույն բժշկական կենտրոնում հղին ուլտրաձայնային հինգից ավելի հետազոտության է ենթարկվել:
Անդրադառնալով այն հարցին, թե բժշկական սխալի համար հեռացված բժիշկները, ցավոք, շարունակում են իրենց պրակտիկան ու երբեմն ոչ միայն մարզերում, այլև երևանյան բուժհաստատություններում, նախարարը նշեց, որ յուրաքանչյուր զանցանք ու հանցանք պետք է ունենա իր իրավական գնահատականը և եթե այդ գնահատականները կան, այսինքն բժիշկը ենթարկվել է դատական կամ այլ տեսակի տույժի, ապա աշխատանքից հեռացում կամ նրա աշխատանքաին գործունեության կասեցումը պետք է լինի այդ տույժի ժամկետների սահմաններում:
«Բայց եթե այդ ժամկետները սպառվում են, ապա չեմ կարծում, որ պետք է մարդուն, ով չի զրկվել բժշկական գործունեություն ծավալելու իրավունքից զրկել նման հնարավորությունից` իր աշխատանքն իրականացնել մարզում»,- նշեց նա:
Ի դեպ հարցին` նա տեսել է երեխային, Ա.Մուրադյանն արձագանքեց. «Ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա