Ինչո՞ւ երիտասարդ բժիշկները չեն աշխատում մարզերում
«Առողջապահության ոլորտը որակյալ ու լավ մասնագետների կարիք ունի, բայց մենք նաև լուրջ խնդիր ունենք` նրանց արտագաղթի առումով: Արդյո՞ք արտերկրում վերապատրաստվող երիտասարդ բժիշկները որևէ երաշխավորագիր տալիս են, որ նրանք մի քանի տարի հետո չեն արտագաղթելու ու իրենց գիտելիքներն այլ երկրներում չեն ծառայեցնելու», - ԱԺ-ում ընթացող 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Շարունակելով արտահայտել իր մտահոգությունը նա նաև նկատեց, որ մարզային հիվանդանոցների մասին միշտ բարձրաձայնվում է, բայց չի խոսվում այն տեսանկյունից, որ չունենք լավ մասնագետներ. «Եվ հենց սա էլ բերում է նրան, որ որակյալ բուժօգնություն ստանալու համար մարզերից շարունակում են գալ Երևան»:
Առողջապահության նախարարը համաձայնեց ՀՀԿ-ական պատգամավորի հետ, որ նոր սարքավորումներով գերհագեցած հիվանդանոցները իսկապես ունեն կադրային հագեցվածության խնդիր, բայց այդ խնդիրը համաշխարհային փորձ ունի և ունի հստակ մոտեցում, որով էլ կարելի է հարցը լուծել: Իսկ ըստ նրա` խնդիրը լուծվում է վարչարարությամբ:
«Եթե ուսանողը պետպատվերով է սովորում, ապա նա պետք է վերադառնա մարզ: Բայց այո` լինում են դեպքեր, երբ պետությունը նրանց համար գումար է ծախսում, բայց երիտասարդ բժիշկը տարբեր պատճառաբանություններով մարզ չի ուզում գնալ»,- նշեց նա ու ավելացրեց, որ փաստացի վերապատրաստված երիտասարդների մեծ մասը մարզերից են և նրանց առաջնահերթություն տալով էլ փորձում են իրավիճակը բարելավել:
Ի դեպ, Ա.Մուրադյանը ցավալի մի երևույթի վրա ուշադրությունը սևեռեց` ընդգծելով, որ նման դեպքերը ամենևին էլ չեն նպաստում, որպեսզի երիտասարդ մասնագետները ցանկություն ունենան աշխատել մարզերում. «Ցավոք, մարզերում շատ են բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքերը: Նման երևույթները միանշանակ վանում են բժիկներին մարզային հետագա գործունեությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները