Էդվարդ Նալբանդյան. Չի կարող մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, դուրս գալ ինքնորոշման դեմ
«Մենք մշտապես ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել, այլ հակառակը: Ինքնորոշման իրավունքի իրականցման խոչընդոտումը հիմք է ստեղծում կոնֆլիկտների համար: Դրա մասին է խոսում այդ զեկույցը»,- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի վերաբերյալ հարցին, որի եզրակացության մեջ նշված է, որ շատ հակամարտությունների լուծման անհնար է հասնել անտեսելով ինքնորոշման իրավունքի իրագործումը:
Նախարար Նալբանդյանի խոսքով, Հայաստանը մշտապես նշել է, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել հակամարտությունները, նպատել միջազգային խաղաղության ամրապնդմանը:
«Ասել ենք, որ ինքնորոշման իրավունի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Դրա մասին է խոսում այդ զեկույցը»,- ասաց Է. Նալբանդյանը:
Ըստ նրա, դեմ դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային:
«Միանշանակ կարող եմ ասել, որ այն կարևոր, արժեքավոր զեկույցը է, ևս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որ Հայաստանը, բազմաթիվ երկրներ ունեցել և ունեն այդ հարցի վերաբերյալ: Չի կարող մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դուրս գալ ինքնորոշման դեմ: Մերժել ինքնորոշման իրավունքը՝ նոր խնդիրների, հիմնախնդիրների, նոր հակամարտությունների պատճառ կարող է լինել»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը: