Եղանակային ցանկացած փոփոխություն կարող է իր ազդեցությունն ունենալ մարդու օրգանիզիմի վրա. սրտաբան
Եղանակային ցանկացած փոփոխություն կարող է իր ազդեցությունն ունենալ մարդու օրգանիզիմի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զեյվելյանը:
«Խնդիրը կայանում է նրանում, որ եթե օրգանիզմը առողջ է, ապա եղանակային փոփոխությունները չեն կարող լինել ախտաբանական: Ախտաբանական կլինի միայն այն դեպքում, եթե օրգանիզմի պաշտպանական ունակությունները այս կամ այն դեպքում խաթարվեն, և այդ ժամանակ գլուխ կբարձրանան խրոնիկ հիվանդությունները»,- ասաց Պ.Զեյվելյանը:
Նրա խոսքերով` աշնանը հատկապես սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները: Ըստ նրա` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում:
«Ցավոք սրտի, անկախ եղանակային փոփոխություններից, սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են»,- ասաց սրտաբանը:
Պ.Զեյվելյանը նշեց, որ վերլուծությունները ցույց են տվել` սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ամենաճիշտ ճանապարհը առողջ ապրելակերպն է:
Առողջ սիրտ ունենալու համար սրտաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել ծխելուց, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Բոլոր այս պարզ միջոցառումները կարող են իջեցնել զարկերակային ճնշումը, որը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ամենակարևոր ռիսկային գործոններից մեկն է:
«Զարկերակային գերճնշումը կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, այդ իսկ պատճառով, ճնշումը պետք է միշտ վերահսկել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա