Ադրբեջանում նոր թափ է ստանում Մեհտիև-Փաշաևներ ներիշխանական հակամարտությունը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևն իր մրցակիցներին, հատկապես, Փաշաևների խմբավորմանը տապալելու համար դարձյալ անցել է հարձակման: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձենալու փորձերն ամրապնդել են Մեհտիևի դիրքերը, և նա, օգտվելով այս առիթից, ցանկանում է հաշիվ մաքրել իր մրցակիցներից առաջին հերթին Փաշաևների հետ:
Թերթը գրում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռամիզ Մեհտիևի կազմակերպած միջոցառումներում ունեցած ելույթներում կրթության և գիտության բնագավառներին ուղղված նրա խիստ քննադատությունը գնահատվում է որպես Փաշաևների նկատմամբ նոր հարձակում, քանի որ թե’ կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը, թե’ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն Փաշաևների թիմից են:
Ըստ թերթի` Փաշաևներն իրենց հերթին Ռամիզ Մեհտիևի դեմ հակահարձակման գործողություններ են սկսել:
«Վերջին օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարի համար մեծ հարված հանդիսացող «մանդատային աղմուկի»` կրկին օրակարգում հայտնվելը համարվում է այդ գործողությունների բաղկացուցիչ մաս», -նշում է թերթը:
Ռամիզ Մեհտիևի` անցյալ շաբաթվա հայտնի ելույթներից հետո սկսել են շրջանառվել «մանդատի աղմուկի» գլխավոր հերոսներից նախկին պատգամավոր Գյուլեր Ահմեդովայի ընկերուհի Սևինջ Բաբաևայի կասկածելի մահվան հետ կապված մանրամասներ: Թերթը հիշեցնում է, որ «մանդատային աղմուկում» Ռամիզ Մեհտիևի անունն «անցնում էր կարմիր թելով»: Դեռևս այն ժամանակ լուրեր էին տարածվել,թե նախագահի աշխատակազմի ղեկավարի մրցակիցները շահագրգռված են, որ այդ հարցը մնա օրակարգում` ավելի դրամատիկ բնույթ ստանալով: Սակայն, հետագայում աղմուկն անհայտ պատճառներով մարեց:
«Ռամիզ Մեհտիևի ելույթներից հետո այդ իրարանցման զոհ Սևինջ Բաբաևայի մահվան օրակարգ բերվելը, այդ դեպքի հետ առնչվող տեսա ու ձայնագրություններ լինելու մասին տեղեկությունների հրապարակումը կարելի է Մեհտիևին հասցեգրված ուղերձ համարվել: Ակնհայտ է, որ եթե Ռամիզ Մեհտիևը շարունակի Փաշաևների նկատմամբ հարձակումները, ապա հնարավոր է` Սևինջ Բաբաևայի մահվան հետ կապված հետաքրքիր փաստեր երևան գան, որոնք ցնցող հարվածներ կհասցնեն Մեհտիևին», - եզրափակում է թերթը:
Հիշեցնենք, որ Բաբաևան մահացել է 2012-ի դեկտեմբերի 26-ին Թուրքիայի հիվանդանոցների մեկում`սրտի կաթվածից: Սակայն նրա որդին պնդում է, որ մորը թունավորել են` մեղադրելով կատարվածում քաղաքական գործիչ Գյուլար Ահմեդովային:
Հավելենք նաև, որ 2012-ի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ահմեդովան 2 միլիոն ադրբեջանական մանաթի (շուրջ 2,5 միլիոն ԱՄՆ դոլար) չափով կաշառք է պահանջել՝ Միլի մեջլիսում նրան տեղ ապահովելու համար:
Թաքնված տեսախցիկով նկարահանված նյութը ներկայացնում էր Աբդուլլաևի, Ահմեդովայի և Սևինջ Բաբաևայի խոսակցությունը 2005-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Համացանցում հայտնված տեսանյութում հիշատակվում էր նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը:
Նյութեր թեմայի շուրջ:
«Ադրբեջանի վերջին քաղաքական սկանդալը նման է Շեքսպիրի ստեղծագործություններից մեկին կամ էլ մելոդրամայի»
Ադրբեջանի իշխանություններն ընդունել են երկրում հասարակական գիտակցության ճգնաժամն ու իրենց անկարողությունը դրա դեմ պայքարում
«Ազադլիգ». Իլհամ Ալիևի նախընտրական քարոզարշավը կաթվածահար է եղել ներիշխանական կլանային պայքարի պատճառով