«Իսլամական պետությունը» էլ ավելի վտանգավոր է քան «ալ-Կաիդա»-ն
Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, արագ փոփոխվող զարգացումներ են տեղի ունենում: Այդ զարգացումների ետևում կանգնած են ուժեր, խոսքը վերաբերում է իսլամական արմատական, հատկապես ծայրահեղ արմատական խմբավորումներին, որոնք տարածաշրջանում, մասնավորապես սիրիական և իրաքյան հակամարտություններում, լուրջ դերակատարում ունեն, իսկ ի հայտ եկած «Իսլամական պետությունը» (ԻՊ) նոր իրողության վերածվեց` ստիպելով հաշվի նստել իր հետ:
ԻՊ-ը ձևավորվել է 1990-ական թթ. վերջին Հորդանանում Աբու Մուսաբ ազ-Զարկաուիի կողմից: Այդ ժամանակ կառույցը կոչվում էր «Միաստվածություն և Ջիհադ» («Թաուհիդ ուա ալ-Ջիհադ»), որը տեղափոխվելով Իրաք, անվանվեց «Ջիհադի խարիսխ երկու գետերի միջնամասի երկրում» («Կաիդաթ ալ-Ջիհադ ֆի Բիլադ ալ-Ռաֆիդայն» կամ պարզապես «ալ-Կաիդա-ն Իրաքում»): Կառույցն Իրաքում մոլեռանդ պայքար սկսեց շիական «անհավատ» իշխանությունների դեմ` իր պայքարի թիրախ ընտրելով նաև օտարերկրյա քաղաքացիներին, իր վարքագծով սարսափ տարածելով ոչ միայն Իրաքում, այլև նրանից դուրս (վարդագուն հանդերձանքով արևմտյան պատանդների գլխատումների տեսանյութերը հայտնվեցին դեռևս 2000-ական թթ. կեսերին հենց Իրաքում: Նույնիսկ կան տեղեկություններ, որ գլխատումներն իրականացնում էր անձամբ Աբու Մուսաբ ազ-Զարկաուին):
Կառույցը փորձում էր վերածվել «ալ-Կաիդա»-ի (ԱԿ) ճյուղավորման, դա նրան սկզբնական շրջանում չհաջողվեց: «Ալ-Կաիդա»-ի առաջնորդները բացասաբար էին տրամադրված շիաների և այլ էթնիկ կրոնա-դավանական խմբերի նկատմամբ ԻՊ-ի բռնի վարքագծի ու անհանդուրժող վերաբերմունքի հանդեմ: Նույնիսկ «ալ-Կաիդա»-ի ղեկավար շրջանակներից ազ-Զարկաուիին ուղղված քննադատական ուղերձներ եղան Իրաքում շիաների հանդեպ անհանդուրժող և թշնամական վերաբերմունքի հետ կապված: Այս ամենը վկայում էր, որ ջիհադական պայքարում ազ-Զարկաուին և նրա կողմից ղեկավարվող կառույցն իր մոլեռանդությամբ և դաժանությամբ դուրս էր եկել նույնիսկ «ալ-Կաիդա»-ի ղեկավար շրջանակների վերահսկողությունից:
Բացի այդ, ազ-Զարկաուիին հասցեագրված «ալ-Կաիդա»-ի առաջնորդների 2005թ. նամակներից մեկում «ալ-Կաիդա»-ն գումար էր խնդրում ազ-Զարկաուիից (մոտ 100.000 դոլար, որը բավական մեծ գումար էր այդ ժամանակվա պայմաններում), ինչը խոսում էր այն մասին, որ արդեն 2000-ական թթ. կեսերին Իրաքում կառույցն ուներ զգալի ռեսուրսներ և ֆինանսական հնարավորություններ:
Այսօր Սիրիայի և Իրաքի որոշ հատվածներում հայտարարված «Իսլամական պետությունը» էլ ավելի վտանգավոր է քան «ալ-Կաիդա»-ն, որովհետև՝
1. Ի տարբերություն «ալ-Կաիդա»-ի, ունի իր կողմից վերահսկվող ընդարձակ տարածք, ընդ որում արաբական, մուսուլմանական աշխարհի կենտրոնում:
2. Ունի ֆինանսական լուրջ ռեսուրսներ, ինքնաբավ և ինքնաֆինանսավորման բավական բարձր ցուցանիշով:
3. Ունի ռազմական զգալի ներուժ, որը դեռ ավելանում է:
4. Ռազմական և քաղաքական ռազմավարական ուղենիշների մշակման լուրջ բազա:
5. Ունի առաջնորդ, ում ինքնությունը կապվում է Մուհամմադ մարգարեի հետ: Դա անկասկած իր ազդեցությունն է ունենում մուսուլմանների վրա:
20-րդ դարի վերջում ջիհադական պայքարն Աբդալլահ Ազզամի շնորհիվ կենտրոնացավ «մերձավոր թշնամու» (մուսուլմանական երկրների «անհավատ» իշխանությունների) վրա, Ուսամա բեն Լադենը ջիհադական պայքարի թիրախի վերածեց «հեռավոր թշնամուն» (Արևմուտքը), իսկ 2001թ. հետո արդեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում ջիհադականները ստիպված էին շեշտը դնել իսլամականների թաքնված բջիջների կենսունակության պահպանման ու ջիհադական պայքարի շարունակականության ապահովման վրա: Մինչդեռ այսօրվա իրողությունը հետևյալն է՝ ջիհադական պայքար իրականացնող «Իսլամական պետությունը» կարողանում է միաժամանակ պայքարել և՛ հեռավոր, և՛ մերձավոր թշնամիների դեմ, իրականացնում է անկանոն պատերազմների մարտավարություն, ունակ է իր մոբիլ զորամիավորումներով մի քանի ճակատով միաժամանակյա պայքար տանել, և, ամենավտանգավորը, «Իսլամական պետությունը» վերածվում է ցանցի, որը ամեն պահի կարող է ակտիվացնել քնած բջիջները` սպառնալիք ստեղծելով աշխարհի շատ ու շատ երկրների համար:
Արաբագետ՝ Ս. Գրիգորյան