Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կներկայացվի հոբելյանական ցուցահանդեսում
Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ընդգրկվել են արվեստագետի երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական ժառանգությունը` տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությւոնը տեղեկացնում է, որ Աշխատանքների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական թերթերը: Ցուցահանդեսի առթիվ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել է Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների պատկերագիրքը:
Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը մեր ժամանակների վաստակաշատ արվեստագետներից է, ում բազմաժանր ստեղծագործական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի արդի հայ կերպարվեստում: Հայաստանի ժողովրդական նկարիչ (1963 թ.(, Պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.), պատվավոր այլ պարգևների ու տիտղոսների արժանացած արվեստագետի ստեղծագործական հետաքրքրությունները լայն ընդգրկում ունեն. նա ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, դիմանկարներ, կատարել է գրքերի նկարազարդումներ` Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» (1955 թ.), Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (1963 թ.), Դերենիկ Դեմիճյանի «Վարդանանք», որոնցում յուրովի անդրադարձել է իր ապրած ժամանակաշրջանին հուզող տարաբնույթ խնդիրներին:
Է. Իսաբեկյանի արվեստում հայրենիքի կերպավորումը էպիկական, կոթողային մեկնաբանություն ունի, ինչը հատկանշական է արդեն վաղ շրջանի գործերին, որոնցից են թանգարանում պահվող «Տաթև» (1953 թ.), «Հորովել. Լեռնային վար» (1954 թ.), «Պատանի Դավիթը» (1956 թ.) նկարները: Հայկական լեռնաշխարհի յուրահատուկ գրավչության, մարդու ու բնության միասնության, մարդկային ուժի ու գեղեցկության անհատական ընկալումն ու մեկնաբանումը շաղախված է հիացմունքի ու հպարտության զգացումով:
Նկարչի նախասիրած ժանրերից է դիմանկարը, որով զբաղվել է ամբողջ կյանքում. հայ ռեալիստական դիմանկարչության լավագույն գործերից են` ազգային ոգու ու անհատական ապրումների շեշտադրումով:
Է. Իսաբեկյանը կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում: Այս ժանրի նշանավոր կտավներից են «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը» (1955 թ.), «Դավիթ բեկ», «Արտավազդ և Կլեոպատրա» (1966 թ.), «Ավարայրի ճակատամարտը» (1983 թ.) և «Պատասխան Հազկերտին» (1947 թ.), որոնք ուշագրավ են պատմական դարաշրջանի խոր զգացողությամբ, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքով և արդիական հնչեղությամբ: Նկարիչը դիմելով հայ ժողովրդի կյանքի կարևոր ու վճռորոշ իրադարձություններին` արծարծում է բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ, որոնց առանցքում մարդկային վեհ ու ազնիվ ձգտումներն են, սերն ու նվիրումը երկրին ու մարդուն: Այս շարքի մեջ առանձնանում է հայ պատմանկարչության լավագույն ստեղծագործություններից մեկը` «Պատասխան Հազկերտին» մեծակտավ աշխատանքը, որտեղ ընդհանրացվում են նկարչի կողմից տարբեր ժամանկներում արծածված գաղափարական ու գեղարվեստական խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան