Խալեդ ալ-Օբեյդի. Իրաքը շնորհակալ է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար
«Իրաքը շնորհակալ է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրաքի պաշտպանության նորանշանակ նախարար Խալեդ ալ-Օբեյդին:
Իրաքի պաշտպանության նախարարը Բաղդադում Իրանի դեսպան Հոսեյն Դանայի Ֆարի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում առկա լարված իրավիճակին, մասնավորապես նշել է. «Անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է խորացնել երկկողմ համագործակցությունը: Իրաքը պատրաստ է հարաբերությունների մակարդակը բարձրացնել»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին օրերս Թեհրանում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը համոզված է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու լիազորություն ունեն միայն Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը: Ուստի Իրաքի ժողովուրդն ինչքան համախմբված լինի, այնքան արդյունավետ կարող է պայքարել»: