Կառավարությունը զիջեց. Մայրության նպաստի չափը, ըստ էության, կազմում է 100 տոկոս
Կառավարությունը զիջեց` մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի, ինչպես այդ մասին ամրագրվել էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով և որն այդքան մեծ աղմուկ էր բարձրացրել: Այս մասին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, որ նախկինում ամրագրված մայրության նպաստի հաշվարկումը ըստ կնոջ աշխատանքային ստաժի` 40, 60 և 80 տոկոսի չափով, դուրս է բերվել, փոխարենն ամրագրվել է մեկ այլ դրույթ. եթե կինը ստանում է 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, ապա նպաստի հաշվարկումը տեղի է ունենում գործատուի հետ:
Ա.Ասատրյանը նշեց. «1974թ-ից հետո ծնված աշխատող շուրջ 110 հազար կանանց համար, որոնք աշխատավարձ են ստանում մինչև մեկ միլիոն դրամ, մայրության նպաստի չափը, ըստ էության կազմում է 100 տոկոս: Մենք առաջարկում ենք, որ այդ վերին շեմից ցածր մայրության նպաստի վճարման գործընթացը պահպանվի»:
Նախարարի խոսքով` հանրության ու մասնագետների հետաքրքրությունը օգնեց իրենց լրամշակել նախագիծը` փորձելով գտնել լավագույն տարբերակը այն ԱԺ քննարկման ներկայացնելու համար:
Հիշեցնենք, ըստ նախագծի նախնական տեսքի` առաջարկվում էր նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
Նշենք, որ փաթեթը ներառվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: