Շիրակում դիզենտերիայի դեպքեր են գրանցվել
Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզում դիզենտերիայի 17 դեպք է գրանցվել: Հիվանդներից 12-ը երեխաներ են եղել, հինգը՝ մեծահասակ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մարզպետրանի կայքէջում զետեղված «Ինֆեկցիոն վիճակը մարզում հոկտեմբեր մասին» տեղեկանքից:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին կենտրոնում դիզենտերիայով հիվանդներ չկան:
Հիշեցնենք, որ դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տևում է 2-7, միջինում` 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաև միայն սուր ջրային լուծ` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների` հատկապես հիվանդության սկզբում: Դիզենտերիայի դեպքը հաստատվում է, երբ կղանքից անջատվում է դիզենտերիայի հարուցիչը: Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն:
Աղիքային վարակիչ հիվանդություններով, այդ թվում` դիզենտերիայով չհիվանդանալու համար անհրաժեշտ է.
• մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով,
• սննդամթերքը պահել փակ տարաներում` աղտոտումից խուսափելու համար,
• արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
• ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո լվանալ օճառով,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
• չզբաղվել ինքնաբուժմամբ,
• եթե տանը աղիքային վարակիչ հիվանդությունով չհոսպիտալացված հիվանդ կա`
ա/ հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի կամ այլ ախտահանիչ լուծույթի մեջ),
բ/ խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
գ/ բնակարանում բոլոր մակերեսները սրբել ժավելի լուծույթում թրջված լաթով,
դ/ հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:
Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն ու նստվածք նկատելիս, ինչպես նաև ջրմուղ-կոյուղու վթարների առաջացման դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին: