The Guardian. ԵԽ գլխավոր քարտուղարն Ադրբեջանում մարդու իրավունքները համարում է «դանակի եզրին» գտնվող
The Guardian-ը հրապարակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հոդվածը՝ Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների իրավիճակի և ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության մասին։
Թորբյորն Յագլանդը նշում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքները գտնվում են դանակի եզրին։
«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը նոյեմբերին մոտենում է ավարտին, որից հետո այն կստանձնի Բելգիան։ Ինչպես 2012թ-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված Եվրատեսիլ մրցույթը, այնպես էլ ԵԽ նախագահությունը հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների համար հնարավորություն էր՝ կարևորելու երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները։ Շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը դիմակայում այդ խախտումներին։
Այս ամսվա սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը ԵԽ մաս է կազմում, հաստատեց, որ Ադրբեջանը, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեկնաբան Իլգար Մամմադովի ձերբակալությամբ և կալանավորմամբ, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Դատարանի վճիռն այնքան քննադատական էր, որքան և պարզ էր. դատարանը եզրակացրեց, որ «ձերբակալման իրական նպատակը Մամմադովին պատժելն էր՝ կառավարությանը քննադատելու և գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար»։ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքը՝ գործը տեղափոխել մեծ պալատ՝ դատարանը մերժեց։ ԵԽ անդամ 47 պետությունները կոնվենցիայով պարտավորվում են իրականացնել դատարանի վճիռները, և ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ արել՝ ազատ արձակել Մամմադովին՝ առանց հապաղելու։ Այս առանցքային վճիռն ընդգծում է Ադրբեջանի դատական համակարգում առկա խոր-արմատական խնդիրները։
Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում իրավապաշտպանների դատավարություններին։ Ես կոչ եմ արել Բաքվում ԵԽ անդամ երկրների դեսպանատներին՝ դիտարկել ընթացիկ դատավարությունները։ Մեծ Բրիտանիան արդեն դրական պատասխան է տվել»,-գրել է Թ. Յագլաանդը։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշում է, որ բազմիցս Ադրբեջանին զգուշացրել է մարդու իրավունքների վատ ցուցանիշի մասին։
«Այս տարվա սկզբին Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը հրապարակել է Ադրբեջանում հավաքների և արտահայտման ազատության վերաբերյալ զեկույց, որտեղ նա լուրջ մտահոգություններ է հայտնում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և ձերբակալությունների առումով։ Մուժնիկսը վերջերս այցելեց նաև հայտնի ակտիվիստների, այդ թվում Անար Մամմադլիին և Լեյլա Յունուսին բանտում, և կոչ արեց Ադրբեջանին՝ դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ վրեժխնդրությունը»,-գրել է Յագլանդը։
Գլխավոր քարտուղարն այս իրավիճակում հույսի նշույլ է համարում վերջերս Ադրբեջանի նախագահի կողմից 80 բանտարկյալների համաներումը, որոնց թվում էին նաև 4 իրավապաշտպաններ։
Գլխավոր քարտուղարը կրկին անդրադառնալով ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ասում է. «Ադրբեջանը ԵԽ անդամ է դարձել 2001թ-ին։ ԵԽ անդամ երկրները, ներառյալ նաև ԵՄ անդամ 28 երկրները, ևս ստանձնել են նախարարների կոմիտեի նախագահությունը։ Լքել մեր ջանքերը, կնշանակեր լքել երկրի պայքարող քաղաքացիական հասարակությանը։ Ադրբեջանին բացառելը կնշանակեր զրկել 9,4մլն քաղաքացիներին՝ Եվրոպայում օրենքի գերակայության հասանելության և ՄԻԵԴ դիմելու իրենց իրավունքի վերջին միջոցից»։
Ի շահ խաղաղության և կայունության՝ Եվրոպայի առաջնորդները պետք խթանեն օրենքի գերակայությունը եվրոպական մակարդակում, այլ ոչ թե դատապարտեն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում