Այս շաբաթ հանրահավաք տեղի չի ունենա. Ա.Մարտիրոսյան
«Չեմ կարծում, որ այս շաբաթ հանրահավաք տեղի ունենա, որովհետև կարծես թե ժամկետներն էլ բավարար չեն հանրահավաքին պատրաստվելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին նոյեմբերի 7-ին և 14-ին հավաք անցկացնելու վերաբերյալ: Անցած ուրբաթ օրվա համար ևս իրազեկում կար, սակայն անցած շաբաթ ևս հանրահավաք չանցկացրեցին ու այս շաբաթ էլ, փաստորեն, չի անցկացնի:
Հարցին, թե արդյո՞ք մարտավարության տեսանկյունից ճիշտ է այն պասիվությունը, որում գտնվում են ԱԺ ոչ իշխանական ուժերը, երբ համաժողովրդական շարժում են նախաձեռնել, երկու բազմամարդ հանրահավաք անցկացրել ու հանրության հետաքրքրությունն առաջացրել, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց, այս պահին եռյակում քննարկումներ են ընթանում, բայց որևէ հստակ որոշում չկա:
Նրա խոսքով, քննարկումների փուլ է ընթանում և այդ փուլի շրջանակում են ընթանում բոլոր գործընթացները, իսկ ամեն մի փուլից առաջ էլ տեղի են ունենում հանրահավաքներ և ըստ այդմ էլ որոշումները կայացվում են:
Իսկ, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը, որի մասին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել հարցին, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ չգիտի, թե որքանով է հավաստի այդ լուրը և իր դիրքորոշումը կհայտնի, երբ տեղեկությունը կհաստատվի:
«Ես տեղյակ չեմ` եղել է այդպիսի հանդիպում, թե ոչ: Մամուլում շատ բաներ են գրվում նաև «Ժառանգության» վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- հավելեց նա:
Կուսակցության փոխնախագահը նաև տեղեկություն չունի, արդյոք առաջիկայում նախատեսված է եռյակի առաջնորդների հանդիպում, թե ոչ: Ըստ Ա.Մարտիրոսյանի` նմանատիպ հանդիպում հնարավոր է, բայց երբ` ժամանակի հարց է: