Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել. ընդդիմությունը հայտարարում է կառավարման ճգնաժամի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին:
«Ես որոշում եմ կայացրել ազատել աշխատանքից պաշտպանության նախարարին, որպեսզի թույլ չտամ պաշտպանության գերատեսչության սեփականաշնորհումն ու չխոչընդոտել հետաքննությանը»,-հայտարարել է Գարիբաշվիլին նախօրեին իշխող կոալիցիայի պատգամավորների հետ ունեցած հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը:
Նշենք, վերջին օրերին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր պաշտպանության գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին: Խոսքը, մասնավորապես, նախարարության իրականացրած գնումների անօրինականության և առանձնակի խոշոր չափով գումարների վատման մասին է:
Պաշտպանության գերատեսչության նախարար Ալասանիան, ով ձերբակալությունների ժամանակ բացակայել էր երկրից, հերքել էր մեղադրանքներն ու հայտարարել է իր ղեկավարած գերատեսչության վրա «մտադրված հարձակման մասին»:
Ալասանիայի պաշտոնանկությունից ժամեր չանցած հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ով հանդիսանում է Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, մեկնաբանելով պաշտպանության նախարարության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել են Վրաստանում կառավարական համակարգի խորը ճգնաժամի մասին: Խորհրդարանի փոքրամասնության ղեկավար Դավիթ Բակրաձեն հայտարարել է, թե ուրախ կլինի, եթե Ալասանիան միանա սպասվելիք բողոքի ցույցերին:
Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Գիգա Բոկերան հայտարարել է, թե այս ամենի հետևում կանգնած է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով իր գործողություններով երկիրն հասցրել է խորը ճգնաժամի: