Աբխազական երկաթուղու վերաբացումը վերաբերում է միայն Վրաստանին ու Ռուսաստանին
Եթե Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման նախագիծը պաշտոնապես գործարկվի, ապա այն պետք է վերաբերի միայն ռուս-վրացական հարաբերություններին` առանց երրորդ կողմի միջամտության: Այս մասին հայկական լրատվամիջոցների հետ առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պատա Զաքարեիշվիլին:
«Այս մասին շատ է խոսվում Երևանում, Սուխումում: Մոսկվան սառն է վերաբերվում այդպիսի նախագծին, և մենք նույնպես չենք պնդում այն: Որովհետև ոչ բոլոր կողմերն են այդ նախագծում տեսնում տնտեսական գործոնը», - ասել է Պ. Զաքարեիշվիլին: Ըստ վրացի նախարարի` Աբխազիային այս նախագծում փորձում են ներքաշել որպես երկաթուղու վերագործարկման նախագծի քաղաքական կողմ:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է Ռուսաստանի` ԱՀԿ անդամակցության պայմանագիր, և այնտեղ ի դեմս Աբխազիայի` երրորդ կողմ չի եղել: Այդկերպ պետք է լինի նաև այս նախագծում, եթե այն պաշտոնապես գործարկվի, ապա պետք է վերաբերի վրաց-ռուսական հարաբերություններին` առանց երրորդ կողմի` Աբխազիայի», - հայտարարել է վրացի պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ այս կապակցությամբ իրենց մոտ ոչ մի բանակցություններ և մասնագիտական հաղորդակցումներ չեն եղել, և Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն ընկալվում է զուտ որպես տնտեսական նախագիծ: «Եվ նույնիսկ չնայած դրան` բացի լրագրողներից մեզ մոտ այս հարցով հանրային մակարդակով ոչ ոք` ոչ տնտեսագետներ և ոչ էլ քաղաքագետներ չեն դիմել», - ընդգծել է պաշտոնյան:
Նախարար Զաքարեիշվիլին նաև ասել է, որ երկաթուղին անցնում է Վրաստանի օկուխացված տարածքներով, և եթե ոչ ոք այս հարցի շուրջ քաղաքականությամբ չառաջնորդվի, ապա Վրաստանը խոստանում է, որ իրենց կողմից նույնպես քաղաքականություն չի լինի: