Պաատա Զաքարեիշվիլի. Հայաստանը և Վրաստանը կարող են յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ-ԵՏՄ հարաբերություններո
Հայաստանը և Վրաստանը կարող են յուրօրինակ կամուրջ հանդիսանալ Եվրամիության և Երասիական միության միջև հարաբերություններում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
«Ես անգամ չեմ կասկածում, որ դա հնարավոր է: Իհարկե ինչ-որ մեխանիզմների մասին այս պահին խոսել չեմ կարող, քանի որ դա տնտեսագետների գործն է: Այնուհանդերձ, առկա են մերձբալթյան երկրների, Բելառուսի հիանալի օրինակները: Ռուսաստանի և ԵՄ-ի անդամ երկրների տնտեսությունները նույնպես փոխկապակցված են և եթե չլինեին ուկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցները, ապա արևմտյան և արևելյան տնտեսական մոդելների փոխկապակցվածությունը հաջողությամբ կշարունակվեր»,- նշել է Պաատա Զաքարեիշվիլին:
Վերջինիս խոսքերով` հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները շատ ավելի ամուր են, քան ամեն տեսակ կենտրոնախույս շարժումներ:
«Ես վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները, շատ ավելի ամուր են քան թե այն գործոները, որոնք առաջին հայացքից կարող են բացասաբար անդրադառնալ դրանց վրա: Մենք կկարողանանք հավասարակշռել դրանք այնպես, որ մեր հարաբերությունները միայն շահեն այդ գործընթացից: Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու գործում:
Որպես Վրաստանի կառավարության ներկայացուցիչ, պետք է նշեմ, որ մենք շատ լուրջ են վերաբերվում Հայաստանի հետ երկկրող հարաբերություններում առկա հարցերին և մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ ձգտում ենք հաշվի առնել Հայաստանի շահերը ևս»,-շեշտել է Պ. Զաքարեիշվիլին:
«Ինչպես Վրաստանը կարող է կապող օղակ դառնալ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում, այնպես էլ Հայաստանը կարող է Վրաստանին կապել այն տնտեսական նախագծերին, որոնց մասնակցում է: Մեր երկրների այս յուրահատուկ հարաբերությունները, հակառակը, հնարավորություն կստեղծեն Կովկասում ևս ԵՄ և ԵՏՄ տնտեսությունների համագործակցության քաղաքակիրթ տարբերակներ մշակել»,- հավելել է Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարը: