«Մի վնասեք բժշկին». Տավուշի բուժաշխատողները Գյումրիում կիրառված բռնության փաստի մասին
«Տավուշի մարզի բուժաշխատողները խիստ վրդովված են Գյումրիում իրենց գործընկերների նկատմամբ կիրառված բռնության փաստի առթիվ և զորակցություն են հայտնում նրանց: Ուզում ենք հիշեցնել, որ բժիշկներն ու բուժաշխատողներն անգամ ամենադժվարին պահերին միշտ կանգնած են իրենց հայրենակիցների կողքին»: Այս մասին հաղորդում են ԱՆ լրատվական ծառայությունից՝ մեջբերելով «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի Տավուշի մարզային խորհրդի հայտարարությունը:
«Մենք՝ Տավուշի մարզի առողջապահության ոլորտի աշխատողներս, անցնելով սահմանամերձ մարզին բնորոշ դժվարություններով և պատերազմական գործողությունների ժամանակ լինելով մեր ազատամարտիկների, հայրենիքի համար պայքարող զինվորների կողքին, զգացել ենք այդ ամենը: Եվ այդ ծանր տարիներին որևէ բժիշկ չի լքել իր աշխատատեղը՝ մնալով հավատարիմ իր կոչմանը։ Եվ դա գնահատվել է հասարակության կողմից:
Վերջին տարիներին փոքր-ինչ փոխվել է հասարակության վերաբերմունքը բժշկի, բուժաշխատողի նկատմամբ, և, ցավոք, արձանագրվում են անընդունելի երևույթներ:
Մենք կոչ ենք անում բոլորին, նաև խնդրում` մի վերավորեք այն ձեռքը, որը միշտ օգնում է: Բժիշկն առաջնորդվում է «Մի վնասիր» պատվիրանով: Մի վնասեք նաև դուք»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա