ԵՄ-Հայաստան հարաբերությունները թևակոխում են նոր փուլ
Եվրամիությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ անկախ հոռետեսական այն կանխատեսումներից, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը կորցրեց եվրոպական ինտեգրման հեռանկարը: Ասվածի վկայությունն է նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ու Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Ըստ այդ հուշագրի՝ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար երեք ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու համար` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարում և արդարադատության ոլորտ: Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:
Այսինքն՝ Բրյուսելը ամենևին մտադիր չէ կասեցնել Հայաստանի հետ համագործացկությունը, այլ հակառակը, շարունակում է ֆինանսավորել Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ ծրագրերը: 140-170 մլն եվրոյի ֆինանսավորումն իրականացվում է նոր «Եվրոպական հարևանության գործիքի» միջոցով, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 միլիարդ եվրո, ինչն էլ ուղղվելու է Եվրամիության հարևան պետությունների հետ տարբեր ծրագրերի իրականացմանը:
Համեմատության համար նշենք, որ 2007-2013թթ.-ի ընթացքում ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ընդհանուր 281,5 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն, որը հիմնականում ուղղվել է արդարադատության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, արդյունավետ կառավարման և վարչարարության ոլորտում բարեփոխումներին, կրթության արդիականացմանը, առևտրի և տնտեսության ոլորտում եվրոպական չափանիշների ներդրմանը, աղքատության դեմ պայքարին: ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո 2013թ-ի համար չեղյալ է համարվել միայն առևտրի ոլորտում բարեփոխումների ուղղությամբ մոտ 51 միլիոն եվրոյի ֆինանսավորումը:
Հարկ է նկատել, որ ԵՄ-ն վերանայել է իր գործընկեր պետությունների հետ համագործակցության նախկին «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքը» և որդեգրել տարբերակված մոտեցում պետությունների հետ համագործակցության հարցում: Հավանաբար հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր զարգացումները, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, ԵՄ-ում որոշվել է գործընկերների հետ խորացնել ինտեգրացիան՝ ելնելով վերջիններիս առանձնահատկություններից և կոնկրետ հնարավորություններից:
Ըստ այդ նոր մոտեցման, ԵՄ-ն ավելի է ամրապնդում «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Սակայն այն դեպքերում, երբ երկրները չեն ցանկանում կամ օբյեկտիվորեն չեն կարող ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրման գնալ, ինչպես, օրինակ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել, Բրյուսելը պատրաստ է մյուս ոլորտներում զարգացնել համագործակցությունը:
Կա մի տարածված թյուրըմբռնում, թե չստորագրելով ԵՄ հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ինտեգրացիայից: Բանն այն է, որ չստորագրելով այդ համաձայնագիրը՝ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ համագործակցության լայն սպեկտրի ընդամենը մեկ ոլորտում ինտեգրման խորացումից՝ առևտրի ոլորտում: Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ԵՄ հետ երկկողմ համագործակցությունը զարգանում է հետևյալ 6 ուղղություններով՝
1. Նոր պայմանագրային հարաբերություններ (քաղաքական ասոցիացիա, արդարադատություն և անվտանգություն)
2. ԵՄ տնտեսությանն ինտեգրում
3. Դեպի ԵՄ ազատ տեղաշարժ
4. Էներգետիկ և տրանսպորտային համագործակցություն
5. Տնտեսական և սոցիալական զարգացում
6. Ֆինանսական աջակցություն:
Հայաստանը, որոշելով անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ըստ էության, փոխել է միայն ԵՄ տնտեսությանն ինտեգրման ձևաչափը: Մնացած ոլորտներում ինտեգրման խորացման համար չկան լուրջ խոչընդոտներ: Օրինակ, արդեն 2014թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների մուտքը ավելի հեշտացնող վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին պայմանագրերը, որոնք առանձին համաձայնագրեր են:
ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանն առևտրի և տնտեսական համագործակցության հետագա խորացման հարցերում իր քաղաքականությունը համաձայնեցնելու է ԵՏՄ իր գործընկերների հետ: Կախված նրանից, թե ինչպես կխորանա ինտեգրացիան ԵՏՄ-ում, Հայաստանը ապագայում կարող է նույնը թողել կամ վերանայել ԵՄ հետ համագործակցությունն առանձին ոլորտներում:
Թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵՏՄ-ում ամենաբարձր մակարդակներով շեշտվել է ապագայում Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ հեռանկարի իրականացումը խոստումնալից կլինի, քանի որ Հայաստանը միաժամանակ ազատ մուտք կունենա թե՛ եվրոպական, թե՛ եվրասիական հսկա շուկաներ: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը շարունակում է օգտվել GSP+ արտոնությունների համակարգից, որով հայ արտադրողները մի շարք ապրանքատեսակներ կարողանում են առանց մաքսային խոչընդոտների արտահանել Եվրոպա:
Դեռ անցած տարի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Բրյուսելի ու Երևանի միջև համաձայնություն է ձեռք բերվել նորացնել հարաբերությունների իրավական, պայմանագրային հիմքերը: Այժմ, երբ արդեն հայտնի է ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին պայմանագիրը, ըստ էության սկսվել են ԵՄ և Հայաստանի միջև իրավապայմանագրային նոր բազայի մշակման բանակցությունները:
«ԵՄ-ն և Հայաստանը հանձնառու են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Մենք աջակցում ենք երկրի արդիականացման ջանքերը և կշարունակենք խրախուսել Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումները»,- հայտարարել է եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
Կարող ենք եզրակացնել, որ մեկնարկել է ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր ինտեգրացիոն գործընթաց, որն արդեն իսկ զուգորդվելու է և ներդաշնակեցվելու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի տնտեսական ինտեգրման նոր իրողությունների հետ: Փոխադարձ ցանկության և կամքի դեպքում ԵՏՄ-ին անդամակցությունը, հետխորհրդային տարածքում տնտեսական ինտեգրումը իրականում չի կարող խանգարել Հայաստանին շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ հետ կառուցել քաղաքական լայն համագործակցություն:
Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ