Արցախի տուրիզմի վարչությունը հերքում է Ադրբեջանի ԱԳՆ-ին
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի՝ իրականությունից դուրս հայտարարությունը, թե իբր կասեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Լոնդոնում կայացած, համաշխարհային հնչեղություն ունեցող «World Travel Market» ցուցահանդեսին մասնակցությունը:
Քանի որ հայկական կողմն օպերատիվ կերպով հրապարակում էր Լոնդոնում արցախյան ստենդի առկայությունը փաստող լուսանկարներ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հարկադրված էր նոր հայտարարությամբ հանդես գալ՝ իբր թե ԼՂՀ-ի մասնակցությունը «հնարավոր եղավ կասեցնել մասնակիորեն՝ այն ընդգրկելով Հայաստանի տաղավարի կազմում»: Սակայն, իրականում, ինչպես և նախորդ տարիներին, արցախյան ստեդը միշտ էլ եղել էր Հայաստանի տաղավարի կազմում:
ԼՂՀ-ի մասնակցության մասին հայտնել էր նաև Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում: Նա հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը՝ հաստատելով արցախյան պատվիրակության հաջող մասնակցությունը ցուցահանդեսին:
Հատկանշական է, որ ադրբեջանցիներն անհաջող փորձեր էին կատարել՝ սադրանքներ ստեղծելու ուղղությամբ. նրանք փաթաթվել էին ադրբեջանական դրոշով հենց ԼՂՀ-ի ստենդի մոտ, ապա լուսանկարվել, իսկ այդ լուսանկարները տարածում էին գտել ադրբեջանական ԶԼՄ-ներում:
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի տուրիզմի վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը, ով ներկա է եղել լոնդոնյան ցուցահանդեսում, փաստեց, որ ադրբեջանցիների սադրանքը լիովին տապալվել է:
«Մենք բաժանում ենք մեծ թվով բուկլետներ, որոնք պատմում են Արցախի տուրիստական ներուժի մասին: Ցուցահանդեսի հյուրերի ուշադրությունը մեր տաղավարին շատ բարձր է: Ծրագրել ենք նաև տաղավարի շրջանակներում ավանդական հյուրասիրություն կազմակերպել այցելուների համար»,-պատմեց Շահվերդյանը:
Նշենք` ցուցահանդեսը գործում է արդեն երեք օր:
Նախորդիվ`
World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը ներառված է հայկական տաղավարի մեջ
«Արցախն այսօր ավելի ժողովրդավար է, քան հարևան, սպառնալիքներով լեցուն հանրապետությունը»