Պ. Զաքարեիշվիլի. Դեռ վաղ է խոսել ռուս-վրացական հարաբերությունների վերջնական կարգավորման մասին
Վերցնելով Ղրիմը՝ Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան և ճիշտ նույնը տեղի կունենա նաև Կովկասի դեպքոմ՝ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը չի կարողանա պահել Կովկասը: Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց հարցուպատասխանի ժամանակ նշել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ինտեգրացիայի խորացմանն ուղղված պայմանագրի նախագծին՝ պետնախարարը նշել է, որ դրանով իրականում Ռուսաստանը ֆորմալիզացնում է արդեն իսկ իր ունեցած ազդեցությունը Աբխազիայում:
«Պայմանագիրը էլ ավելի է ուժեղացնում Ռուսաստանի զավթողական բնույթը՝ վրացական տարածքները միանշանակ ենթարկելով օկուպացիայի: Ռուսաստանը իսկապես ցանկանում էր կիրառել փափուկ ուժ, որը չստացվեց, արդյունքում նա պետք է բացի իր խաղաքարտերը և դիմի կոշտ միջոցների: Ռուս-վրացական հարաբերությունները կարգավորման բոլոր փորձերը կդադարեցվեն», -նշել է Զաքարեիշվիլին:
Այս համատեքստում վերջինս նաև չի բացառել նմանատիպ պայմանագրի ստորագրումը Հարավային Օսեթիայի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ առանց նմանատիպ պայմանագրի Ռուսաստանը արդեն 100%-ով յուրացրել է Հարավային Օսեթիան:
Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հավանականությանը՝ նախարարաը նշել է, որ վրացական հասարակությանում նկատելի է նման պահանջ, ավելին՝ վերջինս հավելել է, որ Վրաստանի նման ագրարային պետության համար ռուսական շուկան կարևոր նշանակություն ունի: Սակայն, ըստ Զաքարեիշվիլիի դեռ վաղ է խոսել ռուս վրացական հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին:
Ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում նախարարն անդրադարձել է նաև հարցին թե եղել է արդյոք Վրաստանին ԵՏՄ մտնելու առաջարկ՝ նշելով, որ նման առաջարկ չի եղել:
«Պաշտոնական Թբիլիսին և Վրաստանի հասարակական կարծիքը նման հեռանկարին խիստ բացասական է վերաբերվում: ԵՏՄ-ին Վրաստանի անդամակցության հարց առհասարակ չի էլ դիտարկվում»,- նշել է Զաքարեիշվիլին:
Պետնախարարի խոսքով՝ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորում կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ, սակայն դա գլխավորապես կախված է լինելու այն հանգամանքից, թե Ռուսաստանը, երբ հետ կկանչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունների ճանաչումը: