Մասնավոր բուհերն ավարտած շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց դիպլոմները փոխանակել պետական դիպլոմներով
Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի փաստաթուղթ (դիպլոմ) ստանալու գործընթացը կանոնակարգելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության որոշման մեջ:
Այսպիսով, ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կլուծվի տարբեր տարիներին մասնավոր բուհերում սովորած ուսանողների դիպլոմների հարցը, որոնք անցողիկ չեն թե Հայաստանում, թե արտերկրում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարն ասաց, որ առաջին անգամ համապատասխան օրենքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 1990-ականներից առ այսօր սովորում և ավարտում են ոչ հավատարմագրված բուհերում և ստանում են «դիպլոմ կոչված փաստաթղթեր», որոնք չունեն որևէ իրավական ուժ ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս, պետական դիպլոմներ ստանան: «Այդ մարդկանց ճակատագրերը խեղվում են, նրանք ընկնում են շատ վատ վիճակի մեջ: Անկեղծ ասած` նրանց մի մասը գուցե չէր սովորում, բայց նրանց մեջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր սովորում էին և այսօր ուղղակի խաբված են իրենց զգում»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Այսպիսով, ըստ նախարարի, օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:
Նա նշեց, որ տվյալ շրջանավարտների շուրջ 30 տոկոսն է կարողացել հաջողությամբ հանձնել պետական ավարտական նոր քննությունը և փոխանակել դիպլոմները:
Ա.Աշոտյանի խոսքերով` դիպլոմների փոխանակման գործընթացը երկարացնում են, քանի որ 2013թ.-ին նշված գործընթացի համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարություն էին դիմում ոչ պետական բուհերի նախորդ տարիների բազմաթիվ շրջանավարտներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց ոչ պետական նմուշի դիպլոմը փոխարինել պետական նմուշի դիպլոմով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա