Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվեն 2000 միջազգային որակավորման ուսուցիչներ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, 2014թ. սկսում են իրականացնել «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:
Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:
«ԿԳԱԾ-ի առաջին նախապատրաստական փուլում (2014-2016 թթ.) «Այբ» դպրոցում ստեղծված կրթական բովանդակությունը լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) պայմանական անվանումով (անվան խնդիրը քննարկման փուլում է): Այս փուլում պատրաստվելու է ծրագիրը ներդնող փորձագետ-ուսուցիչների առաջին խումբը (60 հոգի): ԿԳԱԾ-ի այս փուլն իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի միջոցով: ԿԳԱԾ-ի երկրորդ փուլում (2017–2019 թթ.) ԱԲ-ը ամբողջությամբ ներդրվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հիմնանորոգված 12 ավագ դպրոցներում: Ծրագրի իրականցման համար այս փուլում պատրաստվելու և որակավորվելու են մոտ 500 ուսուցիչ: Երկրորդ փուլից առաջ քննարկվելու է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը: ԿԳԱԾ-ի երրորդ փուլում (2020-2023 թթ.) ԱԲ-ը ներդրվելու է բոլոր ավագ դպրոցներում` յուրաքանչյուրում առնվազն մեկական հոսքային դասարանով: Ծրագրի իրականցման համար այս փուլում պատրաստվելու և որակավորվելու են 1500 ուսուցիչ»,- այս մասին նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերունդների համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա