Վրաստանի վարչապետը պաշտպանության նախկին նախարարին անվանել է «արկածախնդիր», «հիմար» և «հավակնոտ»
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր ևս անդրադարձել է պաշտպանության գերատեսչության նախկին ղեկավար Իրակլի Ալասանիային՝ վերջինիս անվանելով «արկածախնդիր», «հիմար», «դավաճան» և «հավակնոտ»:
«Մենք չենք վախենում Ալասանիայի նման հարյուրավոր արկածախնդիրներից և իհարկե կհաղթահարենք այս անհեթեթ դիմակայությունները, սակայն այն ինչ նա արեց Սաակաշվիլիի ոճով բազում հարցեր է առաջացնում», - «apsny.ge» կայքի հաղորդմամբ, ասել է Գարիբաշվիլին:
Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ Ալասանիային պաշտպանել են մարդիկ, ում ինքը համարում էր բարեկամ, գործընկեր և համախոհ. «Ցավոք, նրանք նույնպես խաբված են, մեծ սխալ են գործում, քանի որ ընտրություն կատարեցին անձի և պետության միջև»:
Գարիբաշվիլիի խոսքերով, Վրաստանը ուժեղ պետություն է, ունի ուժեղ իշխանություն, և որ այդ ուժը արտահայտվում է ժողովրդավարության մեջ:
«Ունենալու ենք կայուն մեծամասնություն խորհրդարանում, և կառավարությունը կշարունակի էլ ավելի արդունավետ աշխատել: Մյուս կողմից վատ չէ, որ այդպիսի դավաճանները շատ արագ հեռացվեցին մեր թիմից: Դա լավ է երկրի և մեր թիմի համար: Կոչ եմ անում ազգաբնակչությանը հանգստություն ցուցաբերել, քանի որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել: Այն, որ կառավարությունից հեռացել է մեկ արկածախնդիր, հիմար և հավակնոտ նախարար, վատ բան չի նշանակում: Նա այն միակ նախարարն էր, որ բացահայտորեն քարոզում և պաշտպանում էր «ազգայնականներին», սկսած Գիգի Ուգուլավայից, մինևչ Բոկերիա», - ասել է Գարիբաշվիլին, նկատի ունենալով Միխեյիլ Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նոյեմբերի 4-ին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ կապված դատախազության կողմից պաշտպանության գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հետ: Ալասանիան իր և իր ղեկավարած գերատեսչության դեմ ձեռնարկված գործողությունները համարել էր «միտումնավոր հարձակում»: Նախօրեին նախարարը հրաժեշտ էր տվել պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր ծափողջյուններով էին ճանապարհ դրել նախկին նախարարին:
Ալասանիայի պաշտոնանկությանը հաջորդել էր վերջինիս կուսակիցներ, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի և ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականները: Նախօրեին երեկոյան «Վրացական երազանք» դաշինքի նիստում Ալսանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել էր կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը գործնականում զրկում է իշխանությանը խորհրդարանական մեծամասնությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում