ՀՀԿ-ն և ոչ իշխանական եռյակը, հնարավոր է, հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հնարավոր է՝ առաջիկայում ՀՀԿ-ն և ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին:
«Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաև կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման՝ նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաև ընտրական օրենսգիրքը: Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում: Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների և սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ: Այս սցենարի հավանականության մասին է խոսում նաև այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ընտրությունների կազմակերպման թեմայով ժողովներ են հրավիրվում»,-գրել է թերթը։