The Independent. «Նոր «սուլթան» Էրդողանը նոր պալատ ունի»
Բրիտանական առաջատար «The Independent» պարբերականը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նստավայրին` այն անվանելով «նոր պալատ` նոր սուլթանի համար»:
Պարբերականի փոխանցմամբ, եթե նախկինում Էրդողանին «սուլթանության» մեջ մեղադրում էին այն բանի համար, որ վերջինս 12 տարի վարչապետ լինելուց հետո ի վերջո ուղղակի ընտրություններով նախագահ դարձավ, ապա հիմա «սուլթան» լինելու մեջ են մեղադրում նոր նախագահական նստավայրի համար, որը Թուրքիայի հարկատուների համար արժեցել է 400 մլն ֆունտ ստեռլինգ:
Պարբերականի դիտարմամբ` նոր նստավայրը, որն ունի ավելի քան 1000 սենյակ և զբաղեցնում է մոտ 1,6 մլն քառակուսի ոտնաչափ տարածք, ավելի մեծ է, քան Բուքինհեմյան պալատը, Սպիտակ տունը և նույնիսկ Վերսալյան պալատը: Այն աչքի է ընկնում իր շքեղությամբ և տեխնիկական հագեցվածությամբ:
Հղում անելով թուրքական մամուլի հրապարակումներին` Independent-ը նշում է, որ պալատի կառուցումը բնապահպանների զայրույթն է առաջացրել, քանի որ այն կառուցվել է մի տարածքի վրա, որը եղել է բնության արգելոց, ուստի կառուցման ժամանակ հազարավոր ծառեր են հատվել:
«Այսպես կոչված սուլթանը սա կառուցել է իր համար մի երկրում, որտեղ երեք միլիոն մարդ գործազուրկ է: Դու կտրել ես հարյուրավոր ծառեր քեզ համար նման պալատ կառուցելու համար»,- թուրթական Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Ավելին, BBC-ի փոխանցմամբ` Էրդողանի նոր Airbus A330-200 ինքնաթիռի համար արդեն իսկ նախատեսված է 185 մլն դոլար գումար: