Սիրիայում մնացած քիմիական օբյեկտների ոչնչացումը կսկսվի նոյեմբերին
Սիրիայում մնացած քիմիական զենքի արտադրման 12 օբյեկտների ոչնչացումը նախատեսված է սկսել այս ամսին և ավարտվելու է 2015 թվականի ամռանը: Ինչպես հայտնում է «Իտար-տասս»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Հերի Կուինլենը, ով նոյեմբերին ԱԽ-ի նախագահի պարտականությունն է կատարում:
«Ոչնչացման գործընթացը նախատեսված է սկսել այս ամիս, և, ամենայն հավանականությամբ, այն կավարտվի հաջորդ տարվա ամռանը»,-ԱԽ-ի խորհրդակցությունից հետո հայտատարարել է դիվանագետը: Հանդիպման ընթացքում ԱԽ-ի անդամներին տեսակապի օգնությամբ Բեյրութից հաշվետվություն է ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության ղեկավար Սիգրիդ Քաագը:
Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ ամայի օբյեկտների ոչնչացման գործողությունները կարելի է սկսել արդեն այս շաբաթ: Նրա խոսքով, Դամասկոսում այժմ գտնվում է ՔԶԱԿ առաքելությունը, որը մանրամասն քննարկում է նախատեսված աշխատանքի հետ կապված հարցերը:
Նշենք, որ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման թույլտվություն ստացել էր անցած տարի: Առաքելությունն իր աշխատանքներն ավարտել էր սեպտեմբերի 30-ին: Այս ընթացքում ոչնչացվել է 1300 տոննա թունաքիմիկատ: Դրանց մի մասը ոչնչացվել է Սիրիայում, իսկ առավել վտանգավորները` Միջերկրական ծովի չեզոք ջրերում` ամերիկյան Cape Ray նավի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում