Ոչ թե հանրահավաք է լինելու, այլ հանրահավաքների շարք. Տ.Ուրիխանյան
Համաժողովրդական շարժման շտաբների համար ԲՀԿ-ն կտրամադրի կուսակցության տարածքային շտաբները: Այս մասին ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով` առաջիկա երկու շաբաթների ընթացքում կընթանա շտաբների ձևավորման գործընթացը:
Ինչ վերաբերում է այս օրերին ամենից շատ արծարծվող հարցին, թե ե՞րբ է կայանալու եռյակի հաջորդ հանրահավաքը, պատգամավորը նշեց, որ ոչ թե հանրահավաք է լինելու, այլ հանրահավաքների շարք, բայց թե երբ` կոնկրետ ժամկետ չնշեց:
Իսկ ի պատասխան բոլոր այն խոսակցությունների, թե եռյակը բանակցում է իշխանությունների հետ, Տ.Ուրիխանյանը շեշտեց. «Մենք ունենք մեկ օրակարգ, այն է` փոխել ՀՀ քաղաքացու կյանքը, վերացնել սոցիալական, տնտեսական ու իրավական ճգնաժամը երկրում: Իսկ իշխանությունը, մերժելով ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշված օրակարգը, ինքն իր գլխին բերեց իշխանափոխության հարցը: Հետևաբար այլ տարբերակ այլևս չկա»
ԲՀԿ քաղխորհրդում կայացված որոշումը կհրապարակենք հաջորդիվ:
Հարակից հրապարակում`
ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է գումարել