Գեներալ Դեմփսի. ԱՄՆ-ն անկարող է ռազմական հարձակմամբ ոչնչացնել Իրանի միջուկային հաստատությունները
«ԱՄՆ-ն անկարող է ռազմական հարձակմամբ ոչնչացնել Իրանի միջուկային հաստատությունները»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայատարել է ԱՄՆ բանակի միացյալ շտաբի պետ գեներալ Մարթին Դեմփսին:
Գեներել Դեմփսին «Քարնեգի» կենտրոնում համաշխարհային անվտանգության խնդիրների վերաբերյալ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշել է. «Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակումը կարող է միայն ժամանակավորապես խափանել միջուկային ոլորտում այդ երկրի իրականացրած գործողությունները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Պսակին, նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նոյեմբերի 4-ին Թեհրանում անցկացված ցույցերի ընթացքում հնչած «Մա՛հ Ամերիկային» կոչերը և այդ համատեքստում միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Անկախ դրանից, բանակցությունները մեզ համար կարևոր են և արժեքավոր»: