Հովհաննես Մանուկյանը՝ կառավարության կառուցվածքային փոփոխության մասին
Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններն առավել արդյունավետ են դարձնելու կառավարության գործունեությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ներկայացնելով կառավարության կազմում նախատեսվող փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը:
Նշենք, որ ըստ օրենսդրական նախաձեռնության, նախատեսվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորել տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաև ստեղծել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Նախարարը նշեց, որ այս փոփոխություններն այլ օրենքներում փոփոխություններ, բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնում:
«Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսները Եվրասիական տնտեսական միությանը կամ այլ ֆորմատներով, ամենևին չեն ենթադրում, որ մեր պետական կառավարման համակարգը կամ գործադիր ստրուկտուրան պետք է համապատասխանեցնենք որևէ երկրի ստրուկտուրային: Մենք մտնում ենք որոշակի չափանիշներով, որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա միջազգային պայմանագրերի ուժով և այդ պարտավորություները կատարում ենք այն մեխանիզմներով և գործադրի այն ստրուկտուրայով, որը օպտիմալ է մեր երկրում խնդիրները լուծելու համար»,- ասաց Հ. Մանուկյանը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հարցով դիմեց արդարադատության նախարարին, թե արդյո՞ք մինչ այժմ նախարարությունները չէին զբաղվում ինտեգրացիոն հարցերով և ինչո՞ւ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նման նախարարություն:
Հ. Մանուկյանը պատասխանեց, որ այս նախարարությունը չի անվանվելու Եվրասիական տնտեսական միության գծով ինտեգրացիոն նախարարություն, որովհետև Հայաստանն ինտեգրացիոն այլ գործընթացներում էլ կարող է ներգրավված լինել, ինչպես նաև Եվրամիության հետ մեր նոր հարաբերությունների նոր ֆորմատները ևս լինելու են այս նախարարության խնդիրը:
Զարուհի Փոստանջյանը նաև հետաքրքրվեց, թե ստեղծվելիք նախարարությունը քանի՞ տարի պետք է աշխատի, նախարարը պատասխանեց, որ ինտեգրացիոն պրոցեսներն անընդհատ են. «Կյանքը դինամիկ զարգանում է, այս նախարարությունը միշտ աշխատանք կունենա: Այս պահին մենք գտնում ենք, որ հատկապես ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակներում, ինչը ահռելի ծավալի աշխատանք է, մենք մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք»:
Հովհաննես Մանուկյանը նաև առաջարկեց, որ հարցը ԱԺ մեծ օրակարգում քննարկվի 24-ժամյա ռեժիմով: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու այն հիմնավորմամբ, որ 2008-ի երբ ձևավորվում էր նոր կառավարություն, պարզվեց, որ կառավարությանն անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը, ԱԺ-ում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետական բյուջեից բավականին մեծ գումար են տանում: Նրա կարծիքով, նույն գործընթացն է տեղի ունենում. «Կարծում եմ՝ նման նախարարության անհրաժեշտությունը չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները