Դեղերի շրջանառության ոլորտում ՀՀ և ՌԴ միջև համագործակցության պայմանագիր կստորագրվի
Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են բժշկագիտության տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես անվանի պրոֆեսորներ, այնպես էլ պրակտիկ բժիշկներ:
ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելու է դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան կստորագրեն համագործակցության մասին պայմանագիր:
Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկելու են մոր և մանկան առողջության խնդիրներին, դեղերի շրջանառությանը, առողջապահական բարեփոխումներին, բժշկական շարունակական զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կանդրադառնան բժշկական օգնության և ծառայությունների որակին, հասանելիության բարձրացման ապահովմանը:
Առողջապահական համակարգում արդյունավետ համագործակցության, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Համաժողովը կազմակերպել են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա