Օբաման Կոնգրեսից 3.2 մլրդ դոլար է ուզում` ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմելու է Կոնգրեսի անդամներին` լրացուցիչ 3.2 մլրդ դոլար ստանալու համար, որն ուղղվելու է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին, այդ թվում Բաղդադի կառավարական ուժերին մարզելուն և զինելուն: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:
Ըստ Պենտագոնի ներկայացրած տվյալների` ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի վրա օրական ծախսում են 8.3 մլն դոլար: Ակնկալվող գումարով վճարելու են նաև ամերիկացի 600 ռազմական խորհրդատուներին, ովքեր Բաղդադում և Էրբիլում աշխատում են իրաքյան ու քրդական ուժերի հետ, և 800 զինվորականի, ովքեր ապահովում են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ու օդանավակայանի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության վրա օգոստոսի 8-ից մինչ հոկտեմբերի վերջերը Պենտագոնը ծախսել է 424 մլն դոլար: