Անօթևանների կացարաններում բնակվող անձիք ևս կստանան անվճար բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն
Կառավարությունը նախօրեին փոփոխություններ է կատարել 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ, ինչի արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձիք, ովքեր, անօթևանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից և հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը` չափազանց կարևորելով այս որոշումը:
«Նախորդ տարիներին, անօթևան ընտանիքներին սոցիալական արտոնություններ տրամադրելու առաջարկություններով «Շիրակ կենտրոնը» բազմաթիվ դիմում-ուղերձներ է հղել: Ի դեպ՝ մի քանի ամիս առաջ, սոցիալական արտոնություն տրամադրելու մասին մի որոշում էլ ընդունվել էր Գյումրու քաղաքապետարանի կողմից: Այդ որոշմամբ սոցիալապես ծանր պայմաններ ունեցող ընտանիքների մանկահասակ երեխաներին նախակրթարաններ անվճար հաճախելու հնարավորություն տրվեց»,- տեղեկանում ենք ՀԿ-ից: