Գագիկ Մակարյանը` երկու նախարարությունների միավորման և ստեղծվելիք նոր նախարարության մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորման նպատակն է առաջին հերթին ուժեղացնել մարզպետների ինստիտուտը, ինչի արդյունքում աստիճանաբար կմեծանա մարզպետարանների դերը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացման տեսանկյունից գտնում եմ, որ պետությունը նպատակ չի տեսնում պահելու մի նախարարություն, որը կհամակարգի ՏԻՄ-երի գործունեությունը, քանի որ արդեն մարզպետների ինստիտուտը կա: Կարծում եմ` նախարարության որոշակի ֆունկցիաներ կտրվեն մարզպետարաններին, հակառակ դեպքում` արտակարգ իրավիճակների նախարարությունը կդժվարանա ամբողջը կառավարել: Մարզերում միայն արտակարգ իրավիճակների դեպքում կանխարգելիչ միջոցառումներ չէ, որ պետք է իրականացվեն, կարևոր է այնտեղ լուծել բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք, ըստ ինձ, պետք է փոխանցվեն մարզպետարաններին»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` եթե նախարար նշանակվի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով, Գ.Մակարյանի բնորոշմամբ, լավ մենեջեր է, քանի որ կարողանում է փայլուն կերպով կառավարել իր ղեկավարած նախարարությունը, ապա նախարարությունը լուրջ արդյունքների կհասնի:
«Նա իր աշխատանքում դրսևորում է հստակ, չոր, ուժեղ կամք, և կարծում եմ, որ այս դիրքորոշումը կկարողանա կիրառել նաև այն մարզպետների հանդեպ, որոնք ոչ միշտ են ենթարկվում և կատարում իրենց տրված ֆունկցիաները»,- նշեց Գ.Մակարյանը:
Իսկ եթե նախարարին չտրվեն այդ ֆունկցիաները, ապա, տնտեսագետի խոսքերով, հնարավոր է` մարզպետներն անմիջապես ենթարկվեն վարչապետին և կառավարությանը. «Այսինքն` տարածքային կառավարման ֆունկցիաները ընդհանրապես կարող է չտրվեն արտակարգ իրավիճակների նախարարությանը»:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք նոր` Միջազգային տնտեսական ինետեգրման և բարեփոխումների նախարարությանը, Գ.Մակարյանը գտնում է, որ նման նախարարության կարիք Հայաստանն ուներ:
«Թեև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ի համագործակցությունը շարունակվում է: Ես միշտ ասել եմ, որ Եվրոպան Հայաստանից երես չի թեքի, հակառակը, կարող է էլ ավելի ակտիվանալ: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա այն մեզ համար նոր, լրացուցիչ բեռ է, քանի որ պետք է բազմաթիվ օրենքներ, կանոնակարգեր մշակենք, ուստի պետությունը որոշել է ստեղծել մի նախարարություն, որը ԵՄ-ի և ԵՏՄ-ի աշխատանքները կհամակարգի: Կարծում եմ` էկոնոմիկայի նախարարության որոշ ֆունկցիաներ կտան այդ նախարարությանը»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա կարծիքով` հնարավոր է միավորվեն նաև Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերության զարգացման և Մրցունակության ազգային հիմադրամները:
«Եթե նախարարությունն աշխատի այնպես, որ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության հետ հարաբերությունները համաչափ զարգանան, ապա նման նախարարության ստեղծումը դրական եմ համարում»,- նշեց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ նախարարության դերը որոշակի կնվազի: Ըստ նրա` էկոնոմիկայի նախարարության գործունեությունը կլինի իրականացնել այն ռեֆորմները, որոնք կմշակի նորաստեղծ նախարարությունը:
«Քանի որ տնտեսության պատասխանատուն մնում է էկոնոմիկայի նախարարությունը, նրա մանդատը դեռ չի փոխվի: Նախարարությունը կլինի այդ ռեֆորմների կատարման ապահովողը, իսկ ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ աշխատող նախարարությունը կլինի որպես ռեֆորմների մշակող»,- ասաց նա: