4 դաշնամուր՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմահարթակում
Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 15-ին միաժամանակ հանդես է գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու չորս դաշնամուր՝ Վահան Մարտիրոսյան, Սվետլանա Նավասարդյան, ֆրանսիացիներ Տրիստան Պֆաֆֆ ու և Օլիվյե Պեյրբրյուն:
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նման ծրագրով հանդես գալու միտքը ծագել է Ժնևի Վիկտորիա Հոլում ունեցած համերգի ժամանակ, որտեղ շվեցարիացի երեք դաշնակահարի խնդրանքով ինքը կատարել է չորրորդ դաշնամուրը՝ նվագելով Բախի ստեղծագործություններից:
«Այն մեծ հաջողություն ունեցավ, հանդիսատեսը մեծ հաճույքով ունկնդրեց: Դրանից հետո մտածեցի՝ ինչու մեր հայ ունկնդրին նման հաճույք չպատճառենք»,- ասաց դաշնակահարը:
Վ. Մարտիրոսյանը նշեց, որ իր մտադրությունն իրականացնելու համար որոշեց Հայաստան հրավիրել ֆրանսիացի դաշնակահարներին, ովքեր մեծ հաճույքով են ընդունել հրավերը, նաև Սվետլանա Նավասարդյանին:
«Դաշնակահար ընկերներս Փարիզից են գալու: Նրանք վաղուց ցանկություն ունեին հանդես գալ Հայաստանում: Վաղուց նույն բեմում չէինք եղել: Կրկին ցանկություն էր առաջացել»,- նշեց դաշնակահարը:
Վ. Մարտիրոսյանի խոսքով, եզակի համերգ է սպասվում նոյեմբերի 15-ին, քանի որ վաղուց Հայաստանում միաժամանակ չորս դաշնակահար հանդես չէին եկել:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք դժվար չէ միաժամանակ նույն բեմահարթակում այդքան դաշնակահարներով հանդես գալը, նա ասաց. «Իհարկե, ինչքան շատ ենք, այնքան դժվար է, բայց երբ որ պրոֆեսիոնալների հետ ես աշխատում, դժվար բան գոյություն չունի»:
Համերգի ընթացքում հնչելու է Բախի «Դաշնամուրի կոնցերտներ»-ը, Ռավելի «Բոլերո»-ն: