Ռուբլու արժեզրկումը ընդգծված ձևով ազդելու է մեր տնտեսության վրա. Վ.Բոստանջյան
«Բացառված է, որ ռուբլու արժեզրկումը չազդի մեր տնտեսության վրա: Այն էլ ազդելու է ընդգծված ձևով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` ավելացնելով, որ մեր ամբողջ շրջանառությունը, ուղղակի, թե անուղղակի ձևով կապված է ռուբլու հետ: Տնտեսագետի խոսքով` մենք առնչվում ենք դոլարի հետ փոխանակային կուրսի հետ և ինչպես Ռուսաստանում է առաջացել այս դժվարությունը, բնականաբար այդ նույն դժվարությունները, նույն ուժգնությամբ առաջացել են նաև հայ գործարար աշխարհի առջև:
«Որովհետև, այսպես թե այնպես, հիմնականում մեր արտադրության կամ գործունեության կազմակերպման մեջ օգտվում ենք դոլարային ծածկույթ ունեցող ռեսուրսներից: Հիմա դա թանկանում է, վերջ: Դա ռուբլիով կարտահայտվի, դրամով կարտահայտվի ու թեև ժամանակի ընթացքում քիչ տարբերություն կտա, բայց խոշոր առումով բացասական երևույթը ազդում է մեզ վրա»,- նշեց նա:
Վ.Բոստանջյանը այդ ամենը պայմանավորեց Վալդայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթով, որը քաղաքագետները որակեցին իբրև հակաամերիկյան ելույթ և նշեց, որ ԱՄՆ-ի կողմից կա լուրջ մտավախություն, որովհետև եթե ռուս-չինական համագործակցությունը ստացվի, ապա դոլար կոչեցյալը միանշանակ մնալու է ստվերում. «Այսօր գնում է խոշոր պլանետար այդ պայքարը»:
Վերադառնալով մեր իրականությանը, Վ.Բոստանջյանը շտապեց հանգստացնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ դոլարից պետք է ձերբազատվել, քանի որ դոլարը ուժեղանում է: Բայց մեդալը միշտ էլ երկու կողմ է ունենում:
«Ապրանքները մենք ձեռք ենք բերում դոլարով, և եթե նախկինում 100 միավոր էինք վճարում ինչ-որ ապրանքի համար, ապա այսօր այն արժե 130 միավոր: Ովքեր դոլար ունեն իրենց ձեռքում անշուշտ ավելի լավ են զգում իրենց, բայց դոլարը միայն ունենալով ու պահելով չի, արժույթի ֆունկցիան թաքնվելն ու պահվելը չի ի վերջո: Փողը պետք է շրջապտույտի մեջ լինի»,- պատկերավոր բացատրեց նա:
Ինչ վերաբերում է հունվարի 1-ից ԵՏՄ-ի անդամակցությանն ու այս կոնտեքստում սպասվող փոփոխություններին մեր տնտեսական դաշտում, Վարդան Բոստանջյանն ասաց, որ ցանկացած միավորման դեպքում` լինի դա ԵՏՄ, թե մեկ այլ միություն, պետք է լինի արդյունավետ, ուղորդված, ճիշտ տնտեսական քաղաքականություն: Ամեն ինչ կախված է ուղորդված, ճիշտ աշխատանքից:
«Օրինակ, ինչու երբեք հարց չենք բարձրացնում, թե այդ ինչպես է ստացվում, որ Չինաստանում, ինչ արհավիրք էլ որ լինի, միշտ կայունություն կա: Դա պայմանավորված է աշխատանքով: Իսկ խորհրդային մոդելի փլուզումից հետո ամբողջ հետխորհրդային տարածքում, ըստ էության, տնտեսական ուղորդված քաղաքականություն չկա, մոդել չկա կառավարման: Եվ մեր ամբողջ խոցելիությունը գալիս է դրանից: Բայց եթե ի դեմս ԵՏՄ-ի կլինի ուղորդված, մտածված, հավասարակշռված տնտեսական քաղաքականություն, պարզ չի՞, որ լավ կլինի ամեն ինչ»,- ասաց նա:
Իսկ հարցին` տեսնում է այդ նախադրյալները արձագանքեց. «Նախադրյալներ միշտ կան, անհրաժեշտ է կամք: Եվրասիական տնտեսական միության տարածքում ամեն ինչ կա` նավթ, գազ կա, անտառներ կան, ռեսուրսներ կան, այսինքն մարդկային գործունեության համար անհրաժեշտ ամեն ինչ կա, շատ է, բայց պետք է ճիշտ օգտագործել: Եթե երկիրը չի աշխատում, միայն ծախում է իր նավթը, գազը, այդ երկիրը ինչի՞ պետք է ապրի: Սա է խնդիրը»:
Վ.Բոստանջյանը հավելեց, որ եթե մի հրաշք տեղի ունենա ու խորհրդային մոդելի պես մոդել աշխատի ԵՏՄ-ում, ապա այդ պարագայում պարտադրված ու ստիպված ամենքը կաշխատեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները