«Ժառանգություն»-ում դեռ քննարկում են ԲՀԿ-ի որոշումը
«ՀԱԿ-ը հանդես է եկել, մենք դեռ քննարկում ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչպես է եռյակի մաս կազմող «Ժառանգությունը» մեկնաբանում ԲՀԿ քաղխորհրդի նիստում` ձևաչափի ապագա գործողությունների մասին կայացված որոշմանը:
Արմեն Մարտիրոսյանը միայն նշեց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ քննարկումների փուլ է ընթանում, որի ավարտին էլ կհայտնեն իրենց կարծիքը:
Հիշեցնենք, անցած շաբաթ կայացած ԲՀԿ քաղխորհրդի որոշմանն ի պատասխան ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստացի զգուշացնում է «ճակատագրական սխալ» կատարելու վտանգի մասին: Այս հայտարարությունը, թերևս, ցույց է տալիս, որ եռյակում իսկապես առկա են տարաձայնություններ, որոնց պատճառով էլ, օրինակ, այսպես կոչված համաժողովրդական շարժման հետագա անելիքը անհայտ է, իսկ հանրահավաքներ անցկացնելու համար ամրագրված օրերը այդպես էլ մնում են չիրագործված: Ի դեպ, այս ուրբաթ` նոյեմբերի 14-ի համար ևս ՀԱԿ-ը իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին հանրահավաք անցկացնելու համար, սակայն դեռ անհայտ է` նախորդ երկու ուրբաթների պես այս ուրբաթ ևս հանրահավաք չի հրավիրվի, թե եռյակը վերջապես հանրահավաք անցկացնելու որոշում կկայացնի:
Հարակից հրապարակում`
ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի որոշումների վերաբերյալ